Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև տնտեսական համագործակցությունը հնարավոր է։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի նախկին վարչապետ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Անատոլի Կինախը։
Վերջինս նշեց, որ համագործակցության համար կան բոլոր նախադրյալները, երկու կողմերը նախաձեռնում են համապատասխան քայլեր։ «Եվրամիությունը մեծ շուկա է, դա տարածք է, որտեղ ապրում է շուրջ 500 հազար միլիոն սպառող։ Ես հավատում եմ, որ չնայած այս դժվարին փուլին, երբ ԵՄ կողմից պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի նկատմամբ, կգա համագործակցության պահը»,- նշեց Ուկրաինայի նախկին վարչապետը։
Դիտարկմանը, թե երկկողմ համագործակցության պատրաստակամության մասին հայտարարությունները հնչում են առայժմ միայն ԵՄ-ից, Անատոլի Կինախը չհամաձայնեց՝ ասելով, որ ԵՏՄ-ում էլ կա համագործակցության ցանկություն։ «ԵՏՄ-ում անգամ ստեղծվում են հատուկ հանձնաժողովներ՝ Եվրամիության հետ համագործակցության ուղղությամբ։ Պետք է ստեղծել մեծ շուկա, ինչպես ընդունված է ասել՝ Լիսաբոնից Վլադիվոստոկ»,- շեշտեց Ուկրաինայի նախկին վարչապետը։
Նա չբացառեց Հայաստանի կամրջող դերն այս համատեքստում։
Միաժամանակ, Անատոլի Կինախն ասաց, որ իր կարծիքով Ուկրաինան եվրաինտեգրմանն այլընտրանք չուներ ու չէր կարող ընտրություն չկատարել՝ արտաքին քաղաքական այս երկու վեկտորների միջև, թեև կարծում է, որ դրանք, վաղ թե ուշ, փոխլրացնելու են իրար։
Նա ասաց, որ Ուկրաինայի համար Մայդանից հետո դժվարություններն ամբողջապես չեն հաղթահարվել, որովհետև մարդիկ շարունակում են պայքարել հանուն պետության որակի բարձրացման, ընդդեմ՝ կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման։
Ինչ վերաբերում է Ուկրաինա-Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա նախկին վարչապետը նշեց, որ տեսնում է տնտեսական ավելի ընդգրկուն համագործակցության հեռանկարներ, համատեղ ծրագրերի իրականացում։ Չնայած նախորդ տարվա համեմատ Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառության ծավալները նվազել են, Անատոլի Կինախը նշեց, որ գործարարների միջև պետք է ակտիվացնել համագործակցությունը։
«Մենք շահագրգռված ենք, պատրաստ ենք ավելացնել մեր ներկայությունը Հայաստանի տնտեսությունում, դրա համար աշխատանք է տարվում գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ուղղությամբ»,- ընդգծեց նա։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/31/kinakh/1978524
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



