Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը, ով հայտնի է իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու Միացյալ Նահանգների հանդեպ տածած ատելությամբ, շատ հանգիստ ընդունում է այդ երկրից եկող առողջապահական օգնությունը:
Նման պնդմամբ է հանդես գալիս The Telegraph պարբերականը, որի փոխանցմամբ՝ ամերիկյան Eugene Bell Foundation ոչ կառավարական կազմակերպությունը Հյուսիսային Կորեայում տուբերկուլյոզի ճգնաժամի հաղթահարման նպատակով այդ երկիր է ուղարկում դեղամիջոցներ:
«Մենք ուրախ ենք հայտարարել, որ անկախ Կորեական թերակղզում առկա լարվածությունից՝ մեր ուղարկած դեղամիջոցներն արդեն Հյուսիսային Կորեայում են»,- հայտնել է առողջապահական կազմակերպության ներկայացուցիչ Սթիվեն Լինթոնը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ հյուսիսկորեացի բռնապետի ռազմատենչ, կտրուկ հայտարարությունները խիստ հակասում են ամերիկացիների օգնությունն ընդունելու փաստին։
Հայտնի է, որ զարգացած երկրներում գրեթե ամբողջությամբ վերացած տուբերկուլյոզը շարունակում է մահացու վտանգ ներկայացնել բազմաթիվ հյուսիսկորեացիների համար։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/31/nkorea-us-help/1979792
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել