Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է Դիանա Մարկոսյանի լուսանկարը, որի գլխավոր հերոսը Հայոց ցեղասպանության սարսափներից մազապուրծ եղած 105-ամյա Մովսես Հանեշյանն է:
Հուզիչ լուսանկարում զառամյալ ծերունին կանգնած է իր հայրենի գյուղը պատկերող նկարի առաջ, ինչը նրա հոգում հույզերի փոթորիկ է առաջացրել:
«Երբ նա տեսավ նկարը, սկսեց արտասվել ու մրմնջալ. «Իմ տո~ւնը, իմ Հայաստա~նը»: Նա մատներով դիպչում էր կտավին, հետո համբուրում էր այն, կարծես դա օգնելու էր իրեն վերադառնալ անցյալ»,-գրում է պարբերականը:
Լուսանկարի հեղինակը պատմում է, որ Մովսես պապի հետ ծանոթացել է 2013թ., երբ ուղևորվել է Հայաստան` Ցեղասպանությունը վերապրածների հետ հանդիպելու ու նրանց պատմությունները լսելու համար:
«Երբ ես հարցրի Մովսես պապին, թե ինչ կարող եմ անել նրա համար, նա ինձ խնդրեց գտնել իր հայրենի գյուղն ու այնտեղի եկեղեցում թողնել իր լուսանկարը: Մովսես պապը նկարագրեց հայրենի գյուղը, որը վերջին անգամ տեսել էր 1915թ.` հոր հետ թուրք զինվորների հետապնդումից փախչելիս: Նա մոտավոր բացատրեց, թե որտեղ է այն գտնվում, ու ես որոշեցի գնալ այնտեղ: Մեկ տարի անց վերադարձա` հետս բերելով գյուղի մեծ նկարը: Նա այնպիսի անհագ աչքերով էր նայում գյուղի նկարին, որ թվում էր, թե այդ թղթի կտորը կարող է նրան տանել անցյալ»,-վերհիշել է Մարկոսյանը:
Նա նաև հավելել է, որ որպես Ցեղասպանությունը վերապրածի ծոռ` ինքն իր պարտքն էր համարում այս նախագծի իրականացումը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/31/movses-genocide/1979568
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել