Tert.am-ը գրում է.
Այնպես չէ, որ Ընտրական օրենսգրքի քննարկումներին ով ինչ ուզում է, պետք է ստանա, և մաքսիմալիստական մոտեցումներն այնքան էլ ճիշտ չեն: Այս մասին ի 4+4+4-ի ձևաչափի քննարկմանը հայտարարեց հանրապետական Սամել Նիկոյանը:
 
«Եթե խոսքը բանակցային գործընթացի մասին է, ապա պետք է հասկանա, որ ինքը մի խնդրում պետք է զիջի: Ես հասկանում եմ, թե ինչի մասին կարող է լինել զիջելը. եթե կողմերից մեկը բերում է առաջարկներ, որոնք տեխնիկապես հնարավոր են, չկան բացասական խոչընդոտներ դրանք իրականացնելու համար, պետք է ընդունվեն, իսկ եթե առաջարկ է, որ բերելու է նոր խնդիրներ, որը ևս նպաստելու է ընտրությունների հանդեպ անվստահությանը, ապա ոչ»,-հայտարարեց պատգամավորը:
 
Հիշեցնենք, որ երեկ մեկնարկեց 4+4+4 ձևաչափով Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, ընդդիմության, քաղհասարակության ներկայացուցիչների քննարկումը, սակայն չպահպանվեց այդ երեք 4-երի քվոտավորումը. ընդդիմությունից բացակա էր «Ժառանգությունը», իսկ իշխանությունն էլ ներկայացավ սահմանվածից երկու հոգի ավելի կազմով՝ 6 ձևաչափով:
 
Սամվել Նիկոյանն ասաց, որ շատ դրական է գնահատում այն, որ ընդդիմադիր դաշտը, քաղաքացիական հասարակությունն առաջարկեցին այդ ֆորմատը, և իշխանությունն էլ ականջալուր եղավ և գնաց քննարկումների:
 
«Համամիտ այն կարծիքի հետ, որ իմ գործընկերը հնչեցրեց՝ 2-ը ավել, 1-ը պակաս, էական չէ, կարող լինել 1 մարդ, և այնպիսի ոչ կոնստրուկտիվ դիրքորոշում ձեռք բերի, որ ձախողի ողջ քննարկումները: Երևույթն ինքնին դրական է, և իշխանությունը հենց այնպես չի մասնակցում այդ քննարկմանը: Այդ մտահոգությունը բոլորս էլ ունենք, որ անհրաժեշտ է բարձրացնել հանրության վստահության մակարդակն ընտրությունների հանդեպ»,-ավելացրեց Նիկոյանը:
 
Քննարկմանը մասնակցող «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին հարց էր ուղղվել, թե ինչ նկատի ունի՝ ասելով, որ մոտ 3 շաբաթ ԸՕ քննարկմանը կմասնակցեն՝ կստացվի՞ բարելավել, շատ լավ, չէ՞, կբանեցնեն այլ մեթոդներ:
 
Հիշեցնենք, որ Լևոն Զուրաբյանն էլ նկատել էր, որ վատ չէր լինի քննարկումներին զուգահեռ հանրահավաքային պայքար տանել:
 
«Միանգամից փողոցը կիրառել որպես ճնշման միջոց, կարծում եմ՝ դեռ կհասնենք։ Կուզեի, որ չհասնեինք, դեռևս լավատեսություն կա. որ քաղաքացիական հասարակությունն ամբողջապես մեկ մարմին է դարձել, հուսադրող բան կա դրա մեջ։ «Հելսինկյան կոմիտե, «Քաղաքացի դիտորդ», «Ասպարեզ» ակումբը, սրանք ամբողջ աշխարհը Հայաստանում ներկայացնող խմբեր են, որոնց աշխարհագրությանը եթե նայենք, նրանց հետևում կանգնած են «Սորոս»-ը, «Թրանսփարենսի»-ն, ԵՄ-ն, և այլք։ Այսինքն` Հայաստանին կոռուպցիոն գնահատականներ տվող միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչները»,-նկատեց Արամ Մանուկյանը:
 
Այս հայտարարությունը դուր չեկավ Սամվել Նիկոյանին, ով հայտարարեց, որ սա ոչ այլ ինչ է, քան շանտաժ. «Նախ, որ ասում եք՝ զուգահեռ ճնշումներ», «հլը կփորձենք», հետո կփորձենք։ Դա, Արամ ջան, բանակցություն չէ, հարցի քննարկում չէ, շանտաժ  է, որը նորություն չէ»։
 
Անդրադառնալով Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, որ Վենետիկն ու ԺՀՄԻԳ-ը հոգնել են կրկնելուց, որ իշխանություններն իրենց պահանջներն անտեսում են և անդրադառնալով ընտրողների ցուցակի հրապարակմանը, որը իշխանությունը մերժում է, Սամվել Նիկոյանը կրկին մեջբերեց կառավարության փաստարկները:
 
«Կառավարությունը ասում է, որ դա գաղտնիք չէ, բայց պատին փակցնելուն դեմ է»,-ասաց հանրապետականն ու անդրադարձավ կրկնաքվեարկությունների մեխանիզմները բացառող համակարգերի ներդրմանը:
 
Օրինակ՝ եթե Սամվել Նիկոյանի ID-ի վրա կան տվյալներ ծննդյան ամիս-ամսաթվերից մինչև մատնահետք, ապա համակարգը՝ «սերվերը», որը ճանաչել է այն, անմիջապես կճանաչի այն մարդուն, ով նույնպես Սամվել Նիկոյան է, և անգամ ունի նույն կենսագրական տվյալները, բայց մատնահետքերը  չեն կարող նույնը լինել:
 
Ամփոփելով` ՀՀԿ-ականը կրկին վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու համար: Խնդիր, որը, Սամվել Նիկոյանի խոստովանությամբ, իշխանություններին մտահոգում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել