Tert.am-ը գրում է.

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը, կարևորելով զբոսաշրջության ոլորտի դերը Հայաստանի տնտեսության համար, սկսում է հոդվածաշար ՀՀ զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ: Այս անգամ մեր խորհրդատուներն անդրադարձ են կատարել ներգնա զբոսաշրջության զարգացման միտումներին և ոլորտի նշանակությանը Հայաստանի տնտեսության համար:
 

2015թ-ը՝ «Ցեղասպանության 100-ամյակի» հիշատակի տարին, հատկանշական է դարձել նրանով, որ 2001թ-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է ներգնա զբոսաշրջության անկում:
 

Զբոսաշրջության ոլորտի վերջին տարիների հիմնական ցուցանիշների դինամիկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ 2010-2015թթ-ին ներգնա զբոսաշրջիկների1  միջին տարեկան հավելաճի տեմպը (CAGR) կազմել է շուրջ 12%:


Գծապատկեր 1. Ներգնա զբոսաշրջիկների քանակը Հայաստանում 2010-2015թթ, (հազ. մարդ)


 
Աղբյուր՝ ՀՀ ԱՎԾ

 

Անդրադառնալով, 2015թ-ի ցուցանիշներին` պետք է նշել, որ անգամ «Ցեղասպանության 100-ամյակի» հիշատակի միջոցառումները չկանխեցին ներգնա զբոսաշրջիկների քանակի անկումը: 2001թ-ից ի վեր առաջին անգամ՝ 2015թ-ին, ներգնա զբոսաշրջիկների քանակի աճ չի գրանցվել,  և արձանագրվել է անկում շուրջ 1%-ի չափով: Առհասարակ, Հայաստանում «1մլն ներգնա զբոսաշրջիկի» հոգեբանական շեմը գերազանցվել է դեռևս 2013թ-ին, իսկ 2014թ-ին  անկախ Հայաստանի պատմության ընթացքում արձանագրվել է ներգնա զբոսաշրջիկների առավելագույն քանակը` ավելի քան 1.2 մլն զբոսաշրջիկ: 2015թ-ին 2010թ-ի համեմատությամբ ներգնա զբոսաշրջիկների աճը կազմել է շուրջ 73.5%, ընդ որում՝ հյուրանոցներում և հյուրանոցային հանգրվաններում օթևանած զբոսաշրջիկների աճը պաշտոնապես կազմել է 142%, 70 հազարից հասնելով շուրջ 165 հազարի, իսկ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլ տեղերում հանգրվանողների քանակը` 617 հազարից հասել է 1.027 մլնի` արձանագրելով 66% աճ: Հետևաբար, երբ դիտարկում ենք այս երկու սեգմենտներից յուրաքանչյուրի նպաստումը ներգնա զբոսաշրջիկների աճին, պարզ է դառնում, որ պաշտոնապես2 առաջին սեգմենտն ապահովել է հավելաճի միայն 10.2%-ային կետը, իսկ երկրորդը` 63.3%-ային կետը: Անդրադառնալով, 2015թ-ին արձանագրված ներգնա զբոսաշրջիկների անկմանը, նշենք, որ թեև 2015թ-ին 2014թ-ի համեմատ հյուրանոցներում հանգրվանող զբոսաշրջիկների քանակը մնացել է գրեթե նույնը, սակայն ընդհանուր զբոսաշրջիկների քանակը կրճատվել է շուրջ 1%-ով` ի հաշիվ բարեկամի կամ հարազատի տանը հանգրվանողների քանակի 1.1% կրճատման (վերջին սեգմենտը զբաղեցնում է շուկայի շուրջ 86%-ը):


Մեր կողմից ուսումնասիրվել է նաև Հայաստանի սահմանահատումների վիճակագրությունն ըստ ճանապարհորդների քաղաքացիության3: Ընդհանուր առմամբ, օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ այցելությունների քանակը 2015թ-ին 2014թ-ի համեմատությամբ աճել է 0.37%-ով, ընդ որում` աճին ամենամեծ դրական նպաստումն ունեցել է Իրանը`2.5%-ային կետով, իսկ ամենամեծ բացասական նպաստումը`  Վրաստանը` 2.8%-ային կետով: Առհասարակ, օտարերկրյա քաղաքացի ճանապարհորդների առումով մեր հիմնական «դոնոր» երկրներն են եղել ՌԴ-ն, Վրաստանը և Իրանը, համապատասխանաբար`39%, 27% և 13% մասնաբաժնով: Ընդ որում` 2015թ-ին 2014թ-ի համեմատ առաջին երկու երկրների դեպքում արձանագրվել է ճանապարհորդների քանակի անկում` համապատասխանաբար 5%-ով և 9.5%-ով, իսկ Իրանի դեպքում`24.4% աճ: Եթե ՌԴ-ից ճանապարհորդների քանակի անկումը հիմնականում պայմանավորված է տնտեսական իրավիճակի վատթարացմամբ, մասնավորապես 2015թ-ին ռուբլի/դրամ միջին փոխարժեքի 28.15% անկմամբ: Վրաստանի պարագայում ճանապարհորդների թվաքանակի անկման հիմնական պատճառը հանդիսացել է 2014թ-ի հոկտեմբերից Թբիլիսի-Մոսկվա պարբերական ուղիղ չվերթների վերագործարկումը4, որի արդյունքում Վրաստանի հազարավոր քաղաքացիներ սկսել են չօգտվել Երևան-Մոսկվա չվերթներից: Թեև եթե հաշվի առնենք, որ Վրաստանից Հայաստան կատարած այցելությունների մոտ 84%-ը բաժին է ընկնում ծագումով հայ քաղաքացիներին, իսկ նրանց (մասնավորապես ջավախահայության) եկամուտների զգալի մասը ստացվում է ՌԴ ռուբլով, ապա ռուբլու արժեզրկման հանգամանքը նույնպես որոշակի ազդեցություն է ունեցել այցելությունների թվաքանակի կրճատման վրա: Իրանի դեպքում այցելությունների աճը պայմանավորված է  տնտեսական պատժամիջոցների վերացմամբ պայմանավորված դրական սպասումներով:


Տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցությունը գնահատելու համար մեր կողմից հաշվարկվել է ոլորտի հասույթի դինամիկան: Այսպես, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2014թ-ին պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանում ներգնա զբոսաշրջությունից գոյացած հասույթը գերազանցել է 1 մլրդ դոլարի շեմը, սակայն 2015թ-ին գրանցվել է հասույթի անկում ավելի քան 100 մլն դոլարի չափով: Ընդ որում` եթե ներգնա զբոսաշրջիկների քանակը կրճատվել է շուրջ 1%-ով, ապա  դոլարային արտահայտությամբ հասույթը կրճատվել է 10.6%-ով, ինչը պայմանավորված է դրամի արժեզրկմամբ (2015թ-ին դրամ/դոլար միջին փոխարժեքը եղել է 477.92, իսկ 2014թ-ին՝ 415.92, դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ՝ 14.9%): 
 

Գծապատկեր 2. Ներգնա զբոսաշրջությունից ՀՀ-ում գոյացած հասույթի դինամիկան5  2010-2015թթ 6 (մլն դոլար)




Աղբյուր՝ Ամերիա Խորհրդատվական ընկերություն

Ընդհանուր առմամբ, եթե ներգնա զբոսաշրջության նշանակությունը մեր տնտեսության համար պատկերավոր նկարագրելու լինենք, ապա պետք է ասենք, որ  2015թ-ին չնայած ներգնա զբոսաշրջության ոլորտի հասույթը կրճատվել է, այնուհանդերձ այն գերազանցել է երկրի ողջ հեռահաղորդակցության ոլորտի հասույթը շուրջ 2.6 անգամ:



1. Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)` միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով:


2. Հյուրանոցներում և հյուրանոցային հանգրվաններում հանգրվանածների հաշվառումն իրականացվել է միայն ԱՎԾ վիճակագրական ծածկույթում ընդգրկված հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների վիճակագրական հաշվետվությունների հիման վրա, հետևաբար տվյալ ցուցանիշը իրականում ավելի բարձր կարող է լինել:

3. Աղբյուր` ՀՀ ԱՎԾ, տվյալները հաշվարկված են ըստ սահամանին ներկայացված քաղաքացիության փաստաթղթերի:


4.http://rbth.com/news/2014/10/27/aeroflot_resumes_regular_flights_between_moscow_tbilisi_40908.html


5. Որոշակիորեն տարբերվում է ՄԱԿ ՀԶԿ գնահատականներից


6. Չհաշված միջազգային ուղևորափոխադրման ծախսերը և տուր փաթեթների արժեքի 20%-ը, որը որպես եկամուտ մնում է տուրօպերատորներին, աղբյուր` ՀՀ ԱՎԾ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել