Hraparak.am-ը գրում է.

Երեկ՝ մարտի 30-ին, էլեկտրահարված ու հիվանդանոց տանելու ճանապարհին մահացած պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Մանուկյանը Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից է: Ընտանիքի միակ տղան է, իրենից մեծ քույր ունի, այս մասին hraparak.am-ի թղթակցին հայտնեցին Կաթնաջուրի բնակիչները:

Մահացած 19-ամյա զինծառայողը ավարտել է գյուղի հիմնական դպրոցն ու ընդունվել Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, այնուհետ զորակոչվել բանակ: Մահացած զինվորին գյուղում բնորոշում են որպես խելացի ու հավասարակշռված, ասում են՝ դպրոցում լավ է սովորել, իր ուժերով էլ ընդունվել է ԲՈւՀ:

Դեպքի մանրամասներին գյուղում տեղյակ չեն, գիտեն միայն, որ հոսանքահարվել է: Սարգսի ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ: Մահացած զինծառայողը ծառայում էր Արարատի զորամասերից մեկում, դին այժմ գյուղ են բերում: ՀՀ քննչական կոմիտեից էլ տեղեկանում ենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում:

ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը անգիտակից վիճակում` էլեկտրահարված: Ս. Մանուկյանն Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել