Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայի հյուսիսում տեղի քրդերի ինքնապաշտպանական ուժերի տեղաշարժերին ու պատրաստ է վերսկսել նրանց դիրքերի հրետակոծումները, եթե նրանք փորձեն անցնել Ջերաբլուս ու Ազեզ քաղաքների միջև ճակատային գիծը։ Այս մասին թերթին հայտնել է նրա ռազմական աղբյուրը։
Աղբյուրի խոսքերով՝ Սիրիայի քրդերը պատրաստվում են ԴԱԻՇ-ից ազատագրել Մյունբիչ քաղաքը, որը գտնվում է Թուրքիային սահմանակից Ջերաբլուս քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ը ծրագրում է ԴԱԻՇ-ին դուրս մղել թուրքական սահմանի ու Մյունբիչի միջև ընկած տարածքից և այնտեղ տեղակայել Սիրիայի քրդերի ուժերը։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները Մյունբիչի շրջանում հարվածում են ԴԱԻՇ-ի դիրքերին։
Աղբյուրը վստահեցրել է, որ թուրքական բանակը մուտք չի գործի Սիրիա, եթե քրդական ուժերը դուրս գան Ջերաբլուս-Ազեզ գիծ, սակայն թուրքական հրետանին, որը տեղակայված է սահմանային գոտում, կսկսի ինտենսիվ կրակի տակ պահել Սիրիայի քրդերի դիրքերը։



