Հայկական ադեկվտություն կարծրատիպային Հարվարդում

«Բարձրախոսը միացրեք կոստյումին եւ, խնդրեմ, նստեք, պարոն պրեզիդենտ» . փոքր նեղ աչքեր, մի քիչ կարմրած դեմք, սպիտակող շեկ մազեր ու ճարպիկ շարժումներ` հավանաբար իռլանդիամերիկացի. մի հայացքն էլ բավական էր, որ երեւա` միստր Էլիսոնը կարծրատիպային Հարվարդի կարծրատիպային դասախոս է: Այս բուհի մասին յուրաքանչյուրն ունի իր կարծրատիպը, բայց բոլորի մոտ նույնն են երեւի «ամենա» եւ «ագույն» գերադրական աստիճանները` ամենաառաջադեմը, լավագույնը… անկախ երկրի մեծությունից ու նշանակությունից, դրա նախագահի այցելությունն էլ Հարվարդ ինքնին այստեղ իրադարձություն չէ, իրադարձություն կարող է դառնալ այն` ինչպես կընթանա հանդիպում-դասախոսությունը: Միստր Էլիսոնը պետք է վարեր այս միջոցառումը, այդ պատճառով նախ մոտեցավ նախագահին, ձեռքը սեղմելիս նայեց ուղիղ աչքերի մեջ. տպավորություն էր, որ մտքով անցկացրեց նախագահի կենսագրությունը, որը քիչ անց պետք է ներկայացներ բոլորին:

Անցնել տասնյակ հեծանիվների արանքով, հետո մտնել կարմիր աղյուսե պատերով շենք, մտածկոտ եւ խաղաղ դեմքերով ուսանողների միջով բարձրանալ հինգերորդ հարկ ու անցնելով գաղտնի ծառայության աշխատակիցների խիստ հայացների կողքով` մտնել Քենեդու անվան կառավարման դպրոցի մեծ դահլիճ-լսարան: Նախագահ-դասախոսին այստեղ թուղթուգրիչներով ու լիցքավորված պլանշետներով արդեն սպասում էին առաջին կուրսեցիներից մինչեւ իրենց աշխարհահռչակ դասախոսները. նաեւ լրագրողներ, լոբբիստներ, պաշտոնյաներ ու գուցե հարեւան երկրի տեղական ներկայացուցիչներ:

Միստր Էլիսոնը շուրջը նայեց, երբ տեսավ, որ լսարանը պատրաստ է` սկսեց ՀՀ Նախագահի կենսագրությունից, մեր օրերից քայլ առ քայլ մինչեւ նախորդ դարի ութսունականների վերջ: Տպավորություն էր, որ թվարկում է կոչումները, ոչ թե պաշտոնները. չէր թաքցնում` հետաքրքրված է իր պրոֆեսոնալ հյուրով եւ ուզում է` նա շուտ սկսի իր դասախոսությունը:

Ամեն ինչ տեւեց մոտ մեկ ակադեմիական ժամ, գուցե մի քիչ ավելի: Սկզբում տեսական` զեկույց այն մասին, թե ով ենք մենք եւ ինչ ենք ուզում, հետո գործնական աշխատանք` հարց ու պատասխան: Եթե հարեւան երկրի ներկայացուցիչներ կային, հենց սկզբից լսեցին հարազատ բառերը` «օկուպացիա» եւ «տարածքային ամբողջականություն». այս անգամ այդ մասին մենք էինք խոսում. թվում էր` նախագահ-դասախոսը հարվարդցիներին պարզագույն ճշմարտություններ է բացատրում` այդ Ստալինը ժամանակին օկուպացրեց Արցախը` ի շահ Ադրբեջանի, բայց ազատ մարդկանց երկիրը երբեք չդարձավ տարածքային ամբողջականության մի մաս Ադրբեջանի համար… Ու այդ ամենը ներկայացվում էր առանց կաթիլ անգամ ագրեսիայի զեկուցողի կողմից. խիստ լսարանը հավանությամբ գնահատեց նախագահին, միստր Էլիսոնը նշումներ արեց նոթատետրում ու շարունակեց լսել: Դասախոսող նախագահը նրան նոր հետազոտման թեմա էր հուշել:

38 րոպեանոց դասախոսությունը գիտական չէր, բայց ադեկվատ էր` առանց զգացական ձեւակերպումների ու շեղող բառախաղերի նախագահը միստր Էլիսոնին ու մյուս հարվարդցիներին պատմում էր Հայաստանի ու հայերի երազանքների եւ իրականության մասին, հպարտանում էր հիմնական հաջողություններով ու առանց կեղծ հեգնանքի` խոստովանում թերությունները: Ելույթը խաղաղ էր ու հավատով լցված: Այդպես էլ շարունակվեց` երբ սկսվեցին հարցերը: Դրանց թիվը յոթն էր: Գուցե նախապես մարտական տրամադրված հարց տվողները մի տեսակ մեղմացել էին ելույթից հետո: Հարցերին նախորդող ելույթը բարձրացրել էր նշաձողը, էժան հարցերը մոռացվել էին, չկային նաեւ պոպուլիստական պատասխաններ` միստր Էլիսոնը ժիր ու փոքր աչքերը անվերջ խոնարհում էր` ի նշան հավանության… Սրտացավ ու մտածող մարդկանց մտքերի փոխանակում էր` Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի ու աշխարհի, անցյալի ու ապագայի, նաեւ` հայկական ֆուտբոլի մասին… Ու ամենահաճելին այն էր, որ դա պրոիշխանական լրատվամիջոցի կամ միջին վիճակագրական չինովնիկի ձեւակերպում չէր ու ոչ էլ անգամ հյուրընկալող կողմի քաղաքավարություն. հարվրդյան ախտորոշում էր` Հայաստանը իր անկախության 25 տարիների ընթացքում ֆենոմենալ զարգացում է ունեցել ու սա դեռ սկիզբն է:

… Երբ ամեն ինչ վերջանում էր, փոքր աչքերով ու ճարպիկ շարժումներով կարծրատիպային հարվարդցի միստր Էլիսոնը անսպասելի խոստավանություն արեց` ով կմտածեր, որ գիտնականը զգացական գնահատական կտա գուցե հենց գիտական հիմնավորմամբ, որին ականատես եղավ. «պարոն պրեզիդենտ, հարգելի հյուրեր, ուրախ եմ, որ Հայաստանը այսքան առաջադեմ է ու լայնախոհ, ուրախ եմ, որ դուք այսպիսի առաջին դեմք ունեք»: Անկախ երկրի մեծությունից ու նշանակությունից, դրա նախագահի այցելությունը Հարվարդ ինքնին իրադարձություն չէ, իրադարձություն կարող է դառնալ այն` ինչպես կընթանա հանդիպում-դասախոսությունը: Ակնհայտ էր միստր Էլիսոնը տպավորված է:

Նախագահը կոստյումի վրայից բարձրախոսը զգույշ հանեց, հայկական ժպիտով հարվարդցիների ձեռքը սեղմեց ու …մեկնեց հայկական համայնքի հետ հանդիպման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել