Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ՀՀ Նախագահը դասախոսություն է կարդացել կառավարման դպրոցում, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև այդ հարցում Թուրքիայի դիրքորոշմանը։
«Դեռ 20-րդ դարասկզբին, երբ գերտերություններն ընկան, ինչպես Գրահամ Էլիսոնը կասեր` Թուքիդիդեսի ծուղակը, և սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, Հայաստանը բարձր գին վճարեց դրա դիմաց. Օսմանյան կայսրությունը պատերազմի քողի ներքո իրականացրեց հայերի ցեղասպանությունը: Մենք, իհարկե, ոչինչ չէինք կարող անել գերտերություններին այդ ծուղակից հետ պահելու համար, բայց սա մի պատկերավոր օրինակ է, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ մեծերի բախումը փոքրերի համար: Ցանկացած փոքր ազգի համար այն ուղղակի կամ անուղղակի ցավագին հետևանքներ է ունենում, հաճախ անդառնալի կորուստներով: Այդպիսի անդառնալի կորուստ էր հայերին պատուհասած ցեղասպանությունը: Այսօր աշխարհը ճանաչում և դատապարտում է այդ ոճիրը, սակայն մեզ համար չափազանց կարևոր է Թուրքիայի կողմից ճանաչումը և սեփական պատմությանն առերեսումը»,– ասել է նա:
ՀՀ Նախագահը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ հայ-թուրքական հաշտեցումը վերևից չի գալու: Ըստ նրա՝ թուրքական իշխանությունները գնացին պատմության ակնհայտ կեղծման ճանապարհով:
«Խոսքս ցեղասպանությունը հերքելու մասին չէ: 2015 թվականին Թուրքիայի իշխանությունները հանկարծ որոշեցին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման գլխավոր օրը՝ ապրիլի 24-ին, պետք է տոնեն Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը, որը սովորաբար նշվում է մարտ ամսին: Իհարկե, սա կատարյալ ցինիզմ էր և հայ ազգի համար խորհրդանշական այդ օրը ձախողելու անհաջող փորձ»«– ասել է նա։
Սերժ Սարգսյանը նշել է, որ այդուհանդերձ, դրան զուգահեռ իրեն ուրախացնում է կամ չի կարող գոնե հույս չներշնչել, որ որքան Թուրքիայի իշխանությունները ավելի ագրեսիվ կեցվածք են որդեգրում, այնքան թուրքական հասարակությունը ավելի բարձր է խոսում Հայոց ցեղասպանության մասին:
«Այսօր Թուրքիայում մի մտավորական սերունդ է աճում և ի վերջո հասարակության հենց այս սերուցքն այնքան է կայանալու, որ պարտադրելու է սեփական իշխանություններին ասել ճշմարտությունը: Համոզված եմ, որ այդ օրը, անպայման, գալու է»,– ասել է նա:
«Տեղյակ եմ, որ Հայաստանից դուրս այսօր այնպիսի պարզունակ պատկերացում կա, թե իբր հայերը ուրախանում են, երբ Թուրքիայում վատ բաներ են կատարվում, օրինակ, երբ թուրքական ուժային կառույցները հրետակոծում են քրդաբնակ քաղաքներ ու այլ բնակավայրեր, կամ երբ Թուրքիայի տարածքում ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում: Դա անհեթեթություն է: Իրականում մենք խիստ շահագրգռված ենք Թուրքիայի խաղաղ և ժողովրդավարական զարգացմամբ: Մեր համոզումն է, որ հենց արմատական ժողովրդավարացման արդյունքում Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդները իրենց լիարժեք քաղաքացի կզգան և կկարողանան ապրել արժանապատիվ կյանքով: Ազգային ու կրոնական փոքրամասնությունները չեն դիտվի որպես երկրորդ կամ երրորդ կարգ: Ցավոք, այսօր մեր հարևանների հասարակական-քաղաքական կյանքում հակառակ միտումներն ենք տեսնում, և դա մտահոգիչ է մեզ համար»,– հավելել է ՀՀ Նախագահը:



