Tert.am-ը գրում է.
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն այսօր կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Ըստ նախագծի՝ սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ու գործառնություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների նպատակային ուղղվածության կարևորությամբ, ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այս հարցը իրենք քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների առաջարկությամբ:
«Այո կան դրամաշնորհներ, որոնք պետք է ազատենք ավելացրած արժեքի հարկից, դա ճիշտ որոշում կլինի, այլ պարագայում այդ դրամաշնորհները չեն իրականացվի Հայաստանում»,-ասաց նա և նշեց, որ նախատեսում են ստեղծել մասնագիտական խորհուրդ , ինչպես նաև հաշվի կառնեն Պետական եկամուտների կոմիտեի կարծիքը:



