Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում մարտի 30-ին այցելել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել կրթական այդ հաստատությունում սովորող հայ ուսանողների հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը դասախոսություն է կարդացել կառավարման դպրոցում, որից հետո պատասխանել է ունկնդիրներին հետաքրքրող հարցերին` անդրադառնալով հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների օրակարգին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի արդյունքներին, ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին ու ընտրական օրենսգրքի մշակման ընթացքին, իրավական նոր և բարեփոխված կարգավորումներով Հայաստանում անցկացվելիք հետագա ընտրություններին, Հայաստանի տնտեսական զարգացման ներուժին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին:

Անդրադառնալով երկրում մեկնարկած սահմանադրական բարեփոխումներին, նախագահն ասել է, ոչ Հայաստանի անկախության քառորդ դարը ճանապարհում ենք պետականության ողնաշարը հանդիսացող Սահմանադրության բարեփոխումներով:

«Անցյալ տարի, անկախացումից ի վեր երկրորդ անգամ, մենք կատարեցինք սահմանադրական փոփոխություններ, որոնք բեկումնային եմ համարում, քանի որ նորացված Սահմանադրությամբ մենք անցում ենք կատարում կիսանախագահական կառավարման համակարգից կառավարման խորհրդարանական համակարգի՝ նոր էջ բացելով քաղաքական կուսակցությունների զարգացման համար: Այս փոփոխությունների արդյունքում մենք ձեռնամուխ ենք եղել երկրում նոր քաղաքական համակարգի ու նոր քաղաքական մշակույթի ձևավորման գործընթացին:

Ի՞նչ ենք մենք ուզում անել և ի՞նչ ենք անում իրականության մեջ: Միանգամից պատասխանեմ. մենք ցանկանում ենք ունենալ ավելի արդյունավետ կառավարում: Մեր երկրի չափերն ու բնական ռեսուրսները համեստ են, իսկ մեր առջև ծառացած մարտահրավերները` հսկայական: Մենք ստիպված ենք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել: Ահա այստեղ է, որ բացառիկ կարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը: Սահմանադրական բարեփոխումների ռազմավարական նպատակը հենց դա է: Ավելի շատ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ ավելի նպատակասլաց պայքար: Այստեղ մենք ունենք լուրջ ներուժ և այն պետք է լիարժեքորեն իրացնենք:  

Իհարկե, կան արտաքին անբարենպաստ հանգամանքներ. փակ սահմաններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, գլոբալ տնտեսական հիմնախնդիրներ, բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ տարածաշրջանում և այլն, բայց մեր խնդիրների լուծումը առաջին հերթին մենք տեսնում ենք երկրի ներսում: Մենք առաջին հերթին ապավինում ենք մեր ուժերին և հնարավորություններին: Շատ լավ գիտենք, որ ոչ ոք մեր երկիրը ավելի լավը չի դարձնելու, բացի մեզնից:

Իհարկե, մենք ունենք դաշնակիցներ, գործընկերներ և բարեկամներ և շատ թանկ ենք գնահատում մեր համագործակցությունը ամենատարբեր ձևաչափերում, բայց, կրկնում եմ՝ ավելի բարեկեցիկ և ավելի ազատ երկիր ունենալու մեր երազանքը իրականացնելու պարտականությունը մերն է: Եվ մենք դա հստակ գիտակցում ենք
»,-ասել է Նախագահը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել