Tert.am-ը գրում է.
Ես չեմ ասում՝ վերջում հաջողությամբ կավարտվի, սկզբում միշտ էլ այդպես է լինում՝ դիրքորոշումները կարծր են լինում, ամեն մեկը՝ իր դիրքորոշմանը կառչած: Այս մասին Ազգային ժողովում 4+4+4 բանակցային ձևաչափով երեք ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մենք սկսել ենք բանակցություններ, որոնք ընթանում են շատ ծանր: Ես հիմա չեմ կարող կանխատեսել՝ արդյո՞ք հնարավոր է դիրքորոշումների մերձեցում։ Այս պահին ես նման բան չեմ տեսնում, բայց չեմ էլ ցանկանում բացառել, որ այս բանակցությունները կբերեն ինչ-որ արդյունքի: Սա փորձ է՝ գալ համաձայնության»,- ասաց նա:
Լևոն Զուրաբյանն ասաց, որ այժմ դեռ վաղ է դրա մասին խոսել. «Մի երկու, երեք ռաունդ, և արդեն հնարավոր կլինի ասել՝ մենք արդյունքի գալի՞ս ենք, թե՝ոչ»։
Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանի պնդմանը, թե մատների թանաքոտումը չեն ընդունում, նա ասաց. «Բանակցություններն ավարտված չեն, այդ հարցի վերաբերյալ վերջնական ինչ-որ որոշում չկա»:
Պատգամավորը կարծում է, որ ինչքան շատ ճնշում լինի, իշխանություններն այնքան զիջող կլինեն. «Մի շատ կարևոր բան պետք է հասկանալ, որ իրենք պետք է զիջող լինեն, ոչ թե մենք, քանի որ ընտրությունների հանդեպ հավատը խարխլել են իրենք: Իսկ եթե ոչ, մենք կհայտարարեն մեր ժողովրդին, որ իշխանությունների հետ հնարավորություն չեղավ գալ կոնսենսուսի»:
Ինչ վերաբերում է նրան, որ Դավիթ Հարությունյանն ասել է, որ իրենք սկզբունքորեն դեմ չեն ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանը, եթե լինի դոնոր, պատգամավորն ասաց. «Իրենք այնքան աղետալի վիճակի են բերել Հայաստանի բյուջեն, որ իսկապես չեն կարողանում ընտրությունների կազմակերպման համար էլեմենտար ծախսեր անել»:
Հիշեցնենք, որ հաջորդ աշխատանքային քննարկումը կլինի ուրբաթ օրը, ժամը 18:00-ին



