Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նանխագծին, ասում է, որ դատելով քննարկումների գործընթացից, կարելի է փաստել, որ առայժմ դրանք հիմնականում տեղավորվում են կառուցողական դաշտում և տարբեր ուժերի կողմից ներկայացված ողջամիտ առաջարկներից շատերը մեծ հավանականությամբ կարող են ընդունվել:  Նրա խոսքով՝ եթե ունենայինք կայացած կուսակցական համակարգ, ռեյտինգային քվեարկության պատեհություն չէր լինի։

– Այն, որ ընտրական օրենսգրքի նախագիծը պետք է բուռն քննարկումների և տարըմբռնումների տեղիք տար, պարզ էր շատ վաղուց: Սակայն իրականում ի՞նչն է խնդրահարույցն այդ նախագծում:


– Նախ` պետք է նշել, որ ներկայացված նախագիծը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու և բոլորովին փաստ չէ, որ նրանում առկա դրույթները` որպես վերջին ատյանի ճշմարտություններ, պահպանվելու են: Հենց նախագծի հեղինակներն էլ են խոստովանում, որ քննարկելու և առավել արդյունավետ լուծումներ գտնելու լայն դաշտ կա: Դատելով քննարկումների գործընթացից, կարելի է փաստել, որ առայժմ դրանք հիմնականում տեղավորվում են կառուցողական դաշտում և տարբեր ուժերի կողմից ներկայացված ողջամիտ առաջարկներից շատերը մեծ հավանականությամբ կարող են ընդունվել:

Ինչ վերաբերում է նախագծի հանդեպ քաղաքական ուժերի այս կամ այն կերպ դիրքավորմանը, այս պարագայում նույնպես անսպասելի ոչինչ տեղի չի ունենում: Ի վերջո, բոլորն էլ հասկանում են, որ 2017թ. ԱԺ ընտրությունները, ըստ էության, վճռական նշանակություն են ունենալու հետագա հինգ-տասը տարիների համար, և սա բարձրագույն իշխանություն ձևավորելու միակ ու բացառիկ հնարավորությունն է: Եվ այս տեսանկյունից միանգամայն հասկանալի է, որ կոնկրետ հավակնություններ ունեցող քաղաքական միավորները պետք է փորձեն իրենց համար քիչ թե շատ շահեկան պայմաններ և խաղի կանոններ կորզել: Հենց տվյալ հանգամանքով է պայմանավորված նախագծի նկատմամբ նման գերդոզավորված ուշադրությունը: Բայց, մյուս կողմից, նախագիծը բավականաչափ պարզ և մատչելի չէ, որ տարըմբռնումների տեղիք չունենա: Խնդիրը նախևառաջ առնչվում է համամասնական ընտրակարգի ավանդական ընկալումների և տվյալ նախագծի շրջանակներում բուն գծից որոշակի շեղվածությանը, որը, կարծես թե, դառնում է քաղաքական դիսկուրսի հիմնական կռվանը:


– Եվ, իրոք, համամասնական ընտրակարգն իրականում կուսակցական ցուցակին քվեարկելն է, այսինքն` ներկայացվում է մեկ միասնական ցուցակ և ընտրողը պետք է իր ձայնը տա այս կամ այն քաղաքական միավորին: Ռեյտինգային քվեարկությունը մի տեսակ, խեղաթյուրում է համամասնականի էությունը, այն մոտեցնելով մեծամասնական ընտրակարգին, քանի որ այս դեպքում ընտրողին նաև երկրորդ ցուցակն է ներկայացվելու՝ այս անգամ կոնկրետ անուններով: Այս տեսանկյունից արդյո՞ք հիմնավոր չեն նախագծի  ընդդիմախոսների մոտեցումները:

– Իրականում համամասնականի էությունը չի փոխվում, քանի որ վերջնարդյունքում բոլոր ձայները տրվում են քաղաքական ուժերին: Ռեյտինգային քվեարկության բաղադրիչը հիմնականում ընտրողի շահերից է բխում, և գոնե 100 տոկոսանոց համամասնականին անցման պարագայում, առաջին համապետական ընտրությունների շրջանակներում, միանգամայն արդարացված է: Հարցն այն է, որ քաղաքական կուսակցություններն իրականության մեջ բավականաչափ կայացած չեն և հիմնականում չեն վայելում լայն հասարակության վստահությունը: Այս պայմաններում ընտրողն իր շահերը պաշտպանելու տեսանկյունից ավելի հակված է դիմել այն մարդուն, ում ընտրել է, քան կուսակցությանը: Դժվար է ասել՝ քանի տարի է պետք, որ մեր ընտրողները սովորեն կուսակցական գրասենյակների տեղերը, բայց դա ակնհայտորեն մեկ-երկու տարվա խնդիր չէ:

– Նույն ընդդիմախոսներն արդեն նշում են, որ ռեյտինգային քվեարկությունը նույնիսկ մեծամասնականից վատն է, քանի որ այդ դեպքում մանևրելու ոչ մի հնարավորություն չկա: Նկատի ունեն այն, որ մեծամասնականի դեպքում ընտրում էին անձին, բայց նաև  համամասնականով հնարավորություն ունեին քվեարկել ոչ այդ անձին ներկայացնող կուսակցությանը: Իսկ ռեյտինգային քվեարկությունը, առհասարակ նրանց զրկում է այդ այլընտրանքից:


- Գուցե, նորից կրկնվեմ, բայց պետք է ասեմ, եթե մենք ունենայինք կայացած կուսակցական համակարգ, առհասարակ ռեյտինգային քվեարկության խնդիր չէր առաջանա: Այդ դեպքում պատգամավորության բոլոր թեկնածուների առաջադրման հարցը կլուծվեր կուսակցությունների ներսում: Հարկավ, այդ ժամանակ էլ մրցակցող թեկնածուները հաստատ ավելի քիչ ջանքեր չէին ներդնելու իրենց տարածքներում սեփական կուսակցության հաղթանակն ապահովելու համար: Իսկ «ռեյտինգային քվեարկությունը մեծամասնականից վատն է» տիպի դատողություններն իրականում ոչ մի առնչություն չունեն բուն քննարկման նյութի հետ: Եթե փորձենք պատկերավոր, ֆուտբոլային օրինաչափություններով ներկայացնել, ապա կունենանք հետևյալ պայմանական իրավիճակը՝ քվեարկելով Մեսսիի օգտին, դուք ընտրում եք Բարսելոնին, որը տրամաբանական է, քանի որ Մեսսին հենց այդ թիմի խաղացողն է, բայց չգիտես ինչո՞ւ մարդիկ ասում են, որ սա լավ չի, քանի որ մենք Մեսսիին քվեարկելով հնարավորություն չունենք Ռեալին ընտրել: Այո խառը ընտրակարգն այդ հնարավորությունը տալիս էր, իսկ դեկտեմբերի 6-ից հետո դրա մասին խոսելը առնվազն անպտուղ պոպուլիզմ է:

– Բայցևայնպես, այս նախագծով արդյո՞ք հնարավոր է անցկացնել այնպիսի քաղաքական ընտրություններ, որը կունենա լեգիտիմության բարձր մակարդակ և ընդունելի կլինի հիմնական քաղաքական ուժերի կողմից:


– Ընտրական օրենսգիրքն այդ խնդրի լուծմանն ուղղված, գուցե անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Շատ կարևոր է, թե հիմնական քաղաքական ուժերն ինչ տրամադրվածությամբ, հռետորաբանությամբ և դիրքավորմամբ կմտնեն քաղաքական պայքարի հորձանուտ: Եթե նախորդ ընտրական գործընթացների նախադեպով ամեն  պետք է վերածվի «սևի և սպիտակի» անողոք պայքարի, ապա ընտրությունների լեգիտիմությունն անկախ անցկացման որակից, էապես տուժելու է: Շատ կարևոր է, թե ի՞նչ ունիկալ քաղաքական առաջարկներով են ընտրողներին ներկայանալու կուսակցությունները ու կուսակցությունների դաշինքները: Եթե ԱԺ նախորդ ընտրություններին նրանք կարող էին թույլ և բավականաչափ չհիմնավորված ծրագրերով հանդես գալ, որոնցում քաղաքական պատասխանատվության առումով ընդամենը լղոզված, ոչինչ չասող դրույթներ տեղադրել, ապա 2017-ին հարկադրված են լինելու պետության զարգացման իրենց հստակ ու համապարփակ տեսլականը ներկայացնել: Հարցն այն է, որ այդ կարևոր խնդիրը նրանք այլևս չեն կարող պատվիրակել ՀՀ նախագահի իրենց թեկնածուին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել