Tert.am-ը գրում է.
4+4+4 ձևաչափով մեկնարկած Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հրավիրված քննարկմանը իշխանություններից ներկայացել էին վեց հոգի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը:
Ընդդիմությունից ներկա էին՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, իսկ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը չէր ներկայացել:
Քաղաքացիական հասարակությունից ներկայացել էին Տիգրան Եգորյանը, Դանիել Իոնեսյանը, Արտակ Զեյնալյանը, Սոնա Այվազյանը:
Լևոն Զուրաբյանի դժգոհությունն առաջացրեց այն հանգամանքը, որ իշխանությունից ներկայացել էր 6 հոգի, քանի որ դա չի համապատասխանում իր առաջարկած 4+4+4 ֆորմատին:
«Իսկ ձեր չորրորդ ներկայացուցիչն ո՞ւր է»,-հարցրեց Հովհաննես Սահակյանը և նշեց, որ ընդդիմությունն էլ չորս հոգով չի ներկայացել: Այնուհետև Դավիթ Հարությունյանը և Հրայր Թովմասյանը պատրաստակամություն հայտնեցին հեռանալու։ Սակայն քանի որ նրանք նախագծի հեղինակներից էին և հիմնական հարցերի հասցեատերը, մնացին:
«Մենք մի ժամ ու կես զբաղված ենք ոչնչով, եկեք թիրախային խնդիրները ձևակերպենք և սկսենք քննարկումը, բա՞րդ է դա»,-արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը:
Այնուհետև որոշում կայացվեց քննարկումն իրականացնել փակ՝ առանց լրատվամիջոցների։



