Tert.am-ը գրում է.

Քիչ առաջ Ազգային ժողովում ուշացումով մեկնարկեցին  4+4+4 ձևաչափով Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները, որին մասնակցում են իշխանությունից չորս հոգի, ընդդիմությունից չորս հոգի և քաղաքացիական հասարակությունից չորս հոգի: Չէր ներկայացել միայն «Ժառանգություն»-ի Զարուհի Փոստանջյանը:

Ուշացման պատճառը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների չներկայանալն էր, ովքեր ԱԺ անցակետում անձնագրերը թողնելու հետ կապված խնդիր էին տեսնում:

Նրանց ուշացումը արժանացրեց քննարկման մյուս անդամների դժգոհությունը. ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հեռախոսով զրուցեց նրանց հետ, ներկայացրեց կարգը: Այնուհետև «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը իջավ անցակետ՝ հասկանալու համար խնդիրը: Նրանք պարզաբանեցին, որ իրենք իրավունք ունեն նույնականացման քարտը չթողնել անցակետում, և կարող են միայն ներկայացնել:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկումը շատ կարևոր հարցի շուրջ է, քան այս պահին ԱԺ մուտք ու ելքի կարգը, ինչը միշտ էլ գործել է:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ի վերջո ներկայացան քննարկմանը. նրանց ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանը, Արտակ Զեյնալյանը լրագրողներին ասացին, որ իրենք միշտ մուտք են գործել Ազգային ժողով՝ միայն ներկայացնելով անձնագիրը և ոչ թե այն թողնելով անցակետում: Նրանք նշեցին, որ ներկայումս նույնականացման քարտը թողել են անցակետում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել