Tert.am-ը գրում է.

Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում մարտի 31-ից ապրիլի 23-ը անցկացվելու է «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին մասնակցելու է նաև ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: Զորավարժությանը նախատեսվում է շուրջ 18 երկրների ընդհանուր թվով մինչև 5,000 զինծառայողների մասնակցություն:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Նշված զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովելու է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն: Բացազատվելու ու գործարկվելու է ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը: Հոսպիտալը և դրա անձնակազմն արդեն ժամանել են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և ակտիվորեն ներգրավված են զորավարժության նախապատրաստական աշխատանքներում:


Նշված զորավարժությունը, միջազգային առաքելություններին  2-րդ մակարդակի բժշկական հոսպիտալ տրամադրելու վերաբերյալ 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովի ընթացքում ՀՀ ստանձնած պարտավորությունների իրականացման  նախապատրաստական փուլի հիմնաքարերից մեկն է հանդիսանալու:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել