Tert.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհետևողականության և խիստ քննադատությունների բացակայության պատճառով է, որ Ադրբեջանին ամեն անգամ անտեսելով վերջիններիս հայտարարությունները անցնում է գործողությունների: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Սուրբ Հարության և Նովրուզի տոներից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ զերծ մնալ հրադադարի ռեժիմը խախտելուց և դրա ֆոնին նույն քրիստոնեական տոնին ադրբեջանական կողմի ակտիվությանը:
«Ավելի լավ է նման կոչերով հանդես չգան, քան հանդես գան, հուշեն, որ հակամարտությունը դեռ շարունակվում է, ավելին՝ շատ ակտիվ է ու առիթ տան Ադրբեջանին նման գործողությունների դիմել: Ադրբեջանական կողմի մոտեցումները հասկանալի են, պաշտոնական Բաքուն փորձում է առիթը բաց չթողնել ապացուցելու համար, որ հակամարտությունը գտնվում է ակտիվ վիճակում, ինչպես նաև նման մոտեցումներով Ալիևի վարչակազմը փորձում է խուսափել ԱՄՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպումից, քանի որ ինչպես գիտենք երկու երկրների նախագահներն էլ գտնվում են ԱՄՆ-ում»,- ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ Ադրբեջանը վերջին օրերին իրավիճակը սրում է հենց այն պատճառով, որպեսզի միտք անգամ չլինի հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:
Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ չի կարծում, թե ԱՄՆ-ում կկազմակերպվի այդ հանդիպումը, քանի որ վերջին շրջանում բանակցային գործընթացը որպես այդպիսին տեղի չի ունենում և երկու երկրների արտգործնախարարները հանդիպում չեն նախապատրաստել:
Հարցին, թե ինչու չի կարողանում Մինսկի խումբը գտնել տարբերակներ՝ սահմանին մոնիթորինգ իրականացնելու՝ պարզելու համար, թե որ կողմն է նախահարձակ լինում, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Մոնիթորինգի ծրագրի մասին վերջին շրջանում շատ է խոսվում և ադրբեջանական կողմը անընդհատ բացահայտ մերժում է ցանկացած առաջարկ այս հարցի շուրջ, ի տարբերություն հայկական կողմի, որը միշտ էլ հետաքննության մեխանիզմների ներդրման կողմնակիցն է եղել»:
Քաղաքագետը նշեց, որ վերոնշյալը տեխնիկական հարց է, այստեղ ավելի գլոբալ քաղաքական խնդիր կա, որը չի լուծվում:
«Մոտեցումների փոփոխություն է անհրաժեշտ: Մինչ այս պահը նրանք փորձում էին անվստահության խնդիրը լուծել հակամարտող կողմերի միջև, բայց ակնհայտ է, որ գործողությունները երկու կողմերի, միանման չեն, պետք է հասնել նրան, որ մոտեցումը միջնորդների փոխվի և մշակվի Ադրբեջանին զսպելու մեխանիզմ: Այս պահի դրությամբ Ադրբեջանի ակտիվությունը զսպվում է բացառապես հայկական Զինված ուժերի պատասխան գործողությունների շնորհիվ: Դա բավարար է խաղաղության ներկայիս մակարդակը ապահովելու համար: Ավելի անվտանգ տարածաշրջան ունենալու համար անհրաժեշտ են միջազգային տարբեր ուժերի ճնշումներ ու տնտեսական սանկցիաների կամ այլ մեխանիզմների կիրառում Ադրբեջանի դեմ»,- ասաց նա:



