Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի սահմանադրությունը չի վերանայվի՝ ահաբեկչական սպառնալիքի առնչությամբ արտակարգ դրության ռեժիմի մասին նոր հոդված մտցնելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է ТАСС-ը:
Ամփոփելով Փարիզում 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից անմիջապես հետո սկսված չորսամսյա խորհրդարանական բանավեճերի արդյունքները՝ նա փաստել է, որ այդ ընթացքում երկու պալատների օրենսդիրներն այդպես էլ չեն կարողացել պայմանավորվել սահմանադրական բարեփոխման օրենքի նախագծի միասնական տեքստի շուրջ։
«Ազգային ժողովի և Սենատի ներկայացուցիչների հետ զրույցից հետո ես որոշում եմ կայացրել ավարտել սահմանադրական բանավեճերը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ելիսեյան պալատում:
Միևնույն ժամանակ, Օլանդն ընդգծել է, որ չի հրաժարվում «ահաբեկչություններից հետո ընդունված պարտավորություններից»։
«Ապահովել մեր երկրի անվտանգությունը և պաշտպանել ֆրանսիացիներին ահաբեկչություններից՝ իմ պարտականությունն է և իմ պատասխանատվությունը: Ես կկատարեմ այդ խնդիրը մինչև վերջ՝ ներդնելով բոլոր անհրաժեշտ ջանքերը»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ։



