Ժողովրդական բառուբանի անգնահատելի հարստություններից են դարձվածքները` փոխաբերական իմաստով կայուն բառակապակցություններ, առած-ասացվածքներ, թևավոր խոսքեր: Եվ սոցիալական ցանցերում բանահյուսական այդ ժանրն այսօր, թերևս, ամենատարածվածն է: Ընդ որում` տարածված է հատկապես ժանրի ծաղրական ճյուղը: Բավական է, ասենք, մերօրյա այսինչ գործիչը բաց անի բերանը, և կազմ-պատրաստ կանգնած է անողոք հեգնասերների մի հսկա բանակ:«Ի՞նչ կա որ, - կմտածեն շատերը, - սրամտությունը լավ բան է, ստեղծագործական մտքի վկայություն, լեզուն էլ հարստանում է նորանոր դարձվածքներով»:
Կարելի էր երկու ձեռքով համաձայնել այս մտայնությանը, եթե միայն չլիներ մի «բայց»: Ֆեյսբուքյան ինտելեկտուալ հասարակության` անմեղ ինքնապաշտպանական այս բնազդը սկզբում էր միայն զվարճալի. այսօր այն կարծես թե սկսել է համընդհանուր մտածողություն դառնալ: Վաղուց խառնվել են թաց ու չոր: Աջ ու ձախ հեգնում ենք ամենքին և ամեն ինչ, հեգնում ենք անխնա, անմիջապես ու անվրեպ:
Զվարճացա՞նք` հերիք է, սիրելինե՛ր:
Եթե ամեն ինչին նայենք հեգնելու նախատրամադրվածությամբ, ամեն ինչի մեջ էլ հեգնելու բան «կգտնենք»` ինքներս էլ չնկատելով, թե ինչպես ենք կամաց-կամաց մեզնից հեռացնում ամեն նուրբ բան, վիրավորում արդեն մեր ընկերներին, մեր մտերիմներին:
Կյանքի պրոզայիկ կողմերը հասկանալի են, սիրելի՛ ինտելեկտուալներ, միայն թե նրբազգացությունն ու նրբանկատությունը նույնքան ինտելեկտուալ երևույթ են, որքան սարկազմը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nshanabasyan/posts/1303925749624909
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



