Tert.am-ը գրում է.
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եղել է դրական։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։
Վերջինս նշեց, որ այդ եզրահանգման հանգել են իրենց կատարած ուսումնասիրությունների հիման վրա, որոնք զետեղված են նախարարության կայքում։
«Կոչ եմ անում դրա վերաբերյալ մեր նախարարության կայքում զետեղված նյութին ծանոթանալ։ Այդ նյութում մենք վերլուծել ենք առաջին վեց ամիսների տնտեսական ցուցանիշները, կա կարճ ամփոփում՝ տարվա ցուցանիշներով։ Մանրամասն վերլուծություն կա` մասնավորապես տարանջատելով Ռուսաստանի տնտեսության զարգացումները Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններից, որովհետև ամեն դեպքում, անկախ նրանից՝ ԵՏՄ անդամ է պետությունը, թե ոչ, Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը զգալի է շրջապատի բոլոր պետությունների վրա, այդ թվում՝ նաև Վրաստանի, Մոլդովայի և այլոց։ ՀՀ անդամակցությունը եղել է դրական»,- նշեց Վաչե Գաբրիելյանը հավաստիացնելով, որ ԵՏՄ-ն ունի ապագային միտված ծրագրեր ևս։
Տվյալ վերլուծության համաձայն Հայաստանի արտահանումը Ռուսաստան նվազել է, իսկ Բելառուս և Ղազախստան արտահանում գրեթե գոյություն չունի։ Tert.am-ի դիտարկմանը, թե դա նշանակում է, որ եթե Հայաստանը չանդամակցեր ԵՏՄ-ին, արտահանումը նույն ցուցանիշնե՞րը կունենար, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց․ «Ուզում եմ ասել, որ այն լինելու էր շատ ավելի վատ։ Կոչ եմ անում՝ վերլուծությունը կարդալ»։
Գաբրիելյանը նշեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դրական հետևանքներից մեկն այն է, որ առաջընթաց ապահովվեց գործարարության ոլորտում։
«Մեր գործարարների համար բիզնես գործարարությունը՝ ապրանքների տեղափոխում, նոր մաքսային ռեժիմներ, դարձան հաջողություն։ Արտահանումը թեև նվազել է, բայց ընդհանուր առմամբ ավելի բազմազան է դարձել, ունեցել է ավելի դրական զարգացումներ, քան համանման երկրների զարգացումները։ Էապես կարգավորվել է աշխատուժի ներհոսքը, արտահոսքը, որը մեղմվել են սոցիալական հետևանքները, որը առաջացավ տրանսֆերտների նվազման հետ կապված՝ ՌԴ-ում տեղի ունեցածի պատճառով»,- մանրամասնեց նախարարը։
Ըստ Վաչե Գաբրիելյանի՝ ԵՏՄ 170 միլիոնանոց շուկային ինտեգրվելու համար Հայաստանը միշտ էլ քայլեր նախաձեռնել է, պարզապես ԵՏՄ անդամակցության արդյունքում մուտքը դյուրացվել է։
Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա փոխվարչապետն ասաց, թե ցանկացած միջազգային կառույց տարիներով աշխատանք է տանում՝ մոտեցումների համաձայնեցման համար։ Նա ասաց, որ կան խնդիրներ, որոնք առավել երկար ժամանակ են պահանջում համաձայնեցման։



