Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքը քննելու հայցի շրջանակներում Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր լսել է դիմումատու լրագրողներին և դիտել տեսանյութը, պարզելու՝ արդյոք հայհոյանք եղել է, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ «Մեդիա և իրավունք», «Լրագրողների միավորում» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները դիմել էին Ազգային ժողովի Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով` պահանջելով քննել պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը, որը փետրվարի 19-ին հայհոյել էր իրեն հարց տված լրագրող Փայլակ Ֆահրադյանին:
Փակ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նախապես հայտարարեց՝ որ որևէ հայտարարություն չի անի՝ միայն նշելով, որ հայհոյելու տեսանյութը նայել են:
«Այս պահին պայմանավորվեցինք, որ հարցի հիմնական զեկուցող Թևան Պողոսյանը, ինչպես նաև հանձնաժողովի մնացած անդամները կշփվեն նաև այն լրագրողների հետ, որոնք միջադեպին ներկա են եղել և նրանցից կփորձեն հավելյալ տեղեկություններ իմանալ և նոր միայն կպատրաստեն իրենց վերաբերմունքը հարցի վերաբերյալ»,- ասաց նա և տեղեկացրեց նաև, որ Մհեր Սեդրակյանին կլսեն ապրիլի 4-ին:
Հարցին, թե չհոգնեցին ՀՀԿ-ականների հարցը քննարկելուց, պատասխանեց. «Ոչ, ես իմ գործն եմ կատարում և միայն ՀՀԿ-ականների վարքը չեմ քննում, նաև այլ պատգամավորների գործը»:
Հայցը ներկայացրած լրագրողներից Լիլիթ Լալայանը նշեց, որ իրենք պատրաստված էին եկել՝ տեսանյութերով են ներկայացել, որտեղ լսվում էր հայհոյանքը, մինչդեռ պարզվում է հանձնաժողովի անդամները, բացառությամբ Թևան Պողոսյանի, չեն լսել հայհոյանքը:
«Տեսանյութը՝ փաստացի հիմքը, նրանք չեն ուզում ընդունել, որովհետև, ըստ նրանց, վիճարկելի է, պարոն Հարությունյանն ասաց, թե երկիմաստ է, իմաստ չունի սա դիտարկել և պետք է լրացուցիչ հանգամանքներ ևս ուսումնասիրել, իմանալու արդյոք հայհոյել է, թե՝ ոչ: Իրենք, ըստ էության, այդքան էլ հակված չեն դիմումը բավարարել»,- ասաց նա:
Փայլակ Ֆահրադյանը հավելեց, թե հանձնաժողովի 4 անդամներն էին ներկա, բացակայում էր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես ՄԱրգարյանը և ՀՅԴ Արմեն Բաբայանը, ովքեր գործուղման մեջ են: «Տարօրինակ է, որ ներկա անդամներից երեքը չէին լսում հայհոյանքը: Չգիտեմ ինչով էր պայմանավորված, չեմ ուզում ասել, որ լսողական խնդիրներ ունեն, բայց կարծում եմ այնուամենայնիվ հստակ հասկանալի է, ինչի մասին է խոսքը»,- ասաց նա:
Իսկ թե ինչ էին փոխարենը լսում, պատասխանեց. «Օրինակ՝ Վահան Բաբայնան ասաց, որ դե կարող ա ասում ա՝ գնա գործիդ»: Ի դեպ, նաև պահանջել են, որ եթե հայհոյանք չի եղել, ապա ինչ է ասել Մհեր Սեդրակյանը:



