Առևտրական:
Առաջին հայացքից թվում է բառ, որի հետ կապված սակայն կարող են ի հայտ գալ տարբեր ընկալումներ: Առևտրականները եղել են, կան և կլինեն, սակայն փոխվում է այն, ինչը վաճառվում է: Առևտրական ասելիս հիմնականում հասկանում ենք մարդկանց, ովքեր զբաղված են որևէ ապրանքի՝ նյութական արժեքի իրացմամբ: Մինչդեռ առևտրական են հանդիսանում նաև այն մարդիկ, ովքեր մատուցում են որևէ ծառայություն կամ վաճառում են ոչ նյութական արժեքներ:
Ստրկատիրական հասարակարգերում առևտրական էր համարվում ստրկատերը, ով վաճառում էր ստրուկներին. Թերևս միգուցե հենց այդտեղից էլ սկսվեց ոչ նյութական արժեքների վաճառքը: Բարեբախտաբար այսօր, համենայն դեպս օրենքի դաշտում, չեն կարող լինել ստրկատերեր. ավելին մարդու վաճառքն էլ համարվում է հանցագործություն:
Հերթական ոչ նյութական արժեքի վաճառքն էլ մարմնավաճառությունն է: Հատկանշական է, որ մարմնավաճառներին չենք դիտարկում որպես առևտրականների, այլ հենց այդպես էլ կոչում ենք՝ մարմնավաճառ: Պետություններից ոմանք օրենքով արգելում, ոմանք էլ օրենքով խրախուսում են մարմնավաճառությունը:
Ոչ նյութական արժեքներից վաճառքի ենթակա եղել է, և ցավոք սրտի, կա հոգին և խիղճը: Եվ եթե նախկինում դրանք ընդամենը տեսական հիմքի վրա էին՝ օրինակ Պագանինին, կամ հանդիպում էին գրական ստեղծագործություններում՝ Ֆաուստը, ապա մերօրյա իրականության մեջ, ցավոք, խղճի և հոգու վաճառքի դեպքերի հանդիպում ենք շատ ավելի հաճախակի: Ու եթե մարմին կամ մարդ վաճառողին տվել ենք առանձին անվանում, դեռ ավելին օրենքով արգելել, ապա սրանց դեմն առնելու ուղղությամբ որևէ քայլ չենք ձեռնարկել:
Սրանք էլ օրեցօր շատանում և այստեղ-այնտեղ էլ գլուխ են գովում, թե խիղճ են վաճառում՝ սկզբունք, հոգի:
Սրանք են մերօրյա չարիքները. չանվանակոչված առևտրականները, ովքեր արատավորում են առևտրականի բարի համբավը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել