Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը 2016 թ օգոստոսին Բրազիլիայի Ռիո Դե Ժանեյրո քաղաքում կայանալիք ամառային օլիմպիական 31-րդ խաղերի ուղեգրերի համար ապրիլի 15-17-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում կայանալիք Եվրոպա աշխարհամասի հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարին մասնակցելու համար վստահել է Ռոման Ամոյանին (59 կգ), Կարապետ Չալյանին (75 կգ), Արթուր Շահինյանին (85 կգ) և Էդգար Խաչատրյանին (130 կգ):
Մարզիկների հետ մրցատեղի կմեկնեն հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը և Էդուարդ Սահակյանը: Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշներից օլինպիական ուղեգիր արդեն նվաճել են Միհրան Հարությունյանը 66 կգ և Արթուր Ալեքսանյանը 98 կգ:
Ապրիլի կեսին Սերբիայում տեղի ունենալիք վարկանիշային այս մրցաշարում օլիմպիական ուղեգրերի կարժանանան 1-2-րդ տեղերը գրաված ըմբիշները: Օլիմպիական ուղեգրերի բաշխման վերջին՝ 3-րդ փուլում կազմակերպվելու են համաշխարհային ընտրական վարկանիշային երկու մրցաշարեր:
«Վերջին հնարավորություն» անվանումով առաջին մրցաշարը կայանալու է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում, 2016թ․ ապրիլի 22-24-ը: Այստեղ յուրաքանչյուր քաշային կարգում կխաղարկվի 3-ական օլիմպիական ուղեգիր: Իսկ հաջորդ համաշխարհային ընտրական վարկանիշային մրցաշարը, որ կլինի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի ուղեգիր ստանալու ամենավերջին հնարավորությունը, կայանալու է 2016թ․ մայիսի 6-8-ը, Ստամբուլում:
Այստեղ յուրաքանչյուր քաշային կարգում վիճարկվելու է 2-ական օլիմպիական ուղեգիր: Նշենք, որ օլիմպիական ուղեգրերը անվանական չեն, այլ ազգային են. յուրաքանչյուր քաշային կարգում ամեն երկիր կարող է ստանալ միայն մեկ օլիմպիական ուղեգիր: 2016թ․ օլիմպիական խաղերում հունահռոմեական և ազատ ոճերի ըմբշամարտի մրցաշարերում 6-ական քաշային կարգերում հանդես է գալու 114-ական մարզիկ (յուքարաչյուր քաշային կարգում 19-ական մասնակից), իսկ կանանց մրցաշարի 6 քաշային կարգերում՝ 108 մարզուհի (յուրաքանչյուր քաշային կարգում հավասար՝ 18-ական):
Ընդհանուր առմամբ այս օլիմպիադայի ըմշամարտի մրցաշարին մասնակցելու է 336 մարզիկ, որոնք կխաղարկեն 18-ական ոսկե ու արծաթե և 36 բրոնզե մեդալ: 2016 թ Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ծրագրով ըմբշամարտի մրցաշարը տեղի է ունենալու 2016 թ օգոստոսի 14-21-ը: