Tert.am-ը գրում է.

Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը մտահոգիչ է համարում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից համատեղ մշակված զեկույցը, ըստ որի՝  Հայաստանում լիարժեք սնունդ չի ստանում յուրաքանչյուր 5-րդ երեխան, 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ  է,  իսկ գրեթե 15%-ը գերքաշ է:


Կարինե Սարիբեկյանն ասաց, որ ցուցանիշը մեզ համար  միջին պոպուլյացիոն ցուցանիշից գրեթե երկու անգամ բարձր է: «Դա ժողովրդագրական առողջապահական հարցերի հետազոտության 2010 թվականի տվյալներն են, հիմա ընթացքի մեջ է 2015 թվականի հետազոտությունը  և երբ արդյունքները, կլինի համեմատության մեջ գնահատական կտրվի այդ հիմնախնդրին»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է թերաճության պատճառներին, Կարինե Սարիբեկյանն ասաց, որ դրա գործոնները բազմաթիվ են և բազմաբնույթ, և անգամ բարեկեցիկ ընտանիքներում նկատելի է այդ խնդիրը: «Դա ոչ թե սոված մնալուց է, այլ պատճառը ոչ բալանսավորված, սպիտակուցի ոչ բավարար քանակով, միակողմանի սնուցումն է»,- ասաց նա և նշեց, որ դա կապված է նաև մոր կրթական ցենզի հետ,  չնայած,  իհարկե,  սնուցման գործոնը աղքատության հետ ևս կապ ունի:


«Նախկինում ես չեմ հիշում, որ դպրոցներում կամ փողոցներում  տեսնեիր փոքր երեխաներ՝ կոկա կոլայի շիշը կամ համբուրգերը ձեռքին ուտելով շրջեին: Սխալ սննդային վարքագիծն այսօր իրականություն է դարձել՝ թե ընտանիքներում, թե հասարակական վայրերում: Այստեղ կրթման խնդիր կա, դրա համար էլ կառավարությունը անցած տարի  հաստատել է  երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել