Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը  «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ գտնվում էր Բրյուսելում՝ մասնակցելու զուգահեռ ընթացող կանանց ֆորումին. այսօր հրավիրված ասուլիսին պատասխանելով լրագրողների հարցին, թե Շուշան Պետրոսյանն ինչ կապ ուներ վեհաժողովի աշխատանքների հետ, ասաց  պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:


Ըստ նրա՝ «Եվրանեսթին» զուգահեռ կազմակերպվել էր կանանց ֆորում, որին պետք է մասնակցեին պատգամավորներ, որոնք չէին հանդիսանում «Եվրանեսթի» հայկական պատվիրակության անդամ:


«Եվ որոշվեց կանանց ֆորումին մասնակցելու համար հրավիրել Շուշան Պետրոսյանին: Նա շատ հետաքրքիր ելույթ ունեցավ այդ ֆորումում, կանանց մասնակցությամբ սոցիալական նշանակություն ունեցող հարցեր քննարկվեցին»,- ասաց Արտակ Զաքարյանը:


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հավելեց, որ թեև դա կանանց ֆորում էր, բայց բոլոր մասնակիցները առաջ են քաշել ուկրաինացի Սավչենկոյի բանտարկության և նրա իրավունքների հարցը, և Շուշան Պետրոսյանը միակն էր, ով բարձրաձայնեց չճանաչված տարածքներում՝ Արցախում ապրող կանանց իրավունքների հարցը: Հիմա էլ Շուշան Պետրոսյանը մեկնել է Մոսկվա, մասնակցելու բարեգործական համերգի, որը միջոցներ է հայթայթելու զինվորական հենակետերում կահավորում իրականացնելու համար»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել