Tert.am-ը գրում է.
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը գնալով ավելի վատ սցենարներ է առաջ քաշում նույն հասարակական կազմակերպության փորձագետ Կարեն Վարդանյանի անհետացման կապակցությամբ:
«Պատկերը, որ կառուցվում է, այդքան էլ լավ պատկեր չէ։ Բավականին շատ մանրամասներ ենք ճշտել. ես, ուղղակի, ցավոք, չեմ կարող մանրամասները ասել, վախենում եմ, որ դա բացահայտմանը խոչընդոտի»,- Tert.am-ին ասաց Դանիել Իոանիսյանը:
Հիշեցնենք, որ Դանիել Իոանիսյանն իր Facebook-ի էջում տեղեկացրել էր, որ դիմել է ոստիկանություն և անհանգստանում է, որ հնարավոր է՝ նա խարդախության զոհ է դարձել, քանի որ Կարենը բոլորին ասել է, որ ինչ-որ բիզնես պայմանագրերի ստորագրման համար ամսի 17-ին թռչում է Դուբայ, մինչդեռ ամսին 17-ին Երևան-Դուբայ չվերթ չկա։ Նրան հեշտ է խաբելը, Կարենի թռչելուց մի քանի օր անց հարևանը փոխել է տան կողպեքը ու սկսել է տանից հանել Կարենի իրերը։ Նա չուներ այնպիսի պարտքեր, որոնց համար պետք է փախչեր երկրից։
Դանիել Իոանիսյանը հայտնեց, որ հարևանի վերաբերյալ կասկածները ևս խորացել են, սակայն որևէ մանրամասն չի կարող հայտնել:
Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հաղորդում են ստացել Կարեն Վարդանյանի անհետացման մասին:



