Հարգելինե՛րս, տուրիզմի զարգացմանը զուգահեռ, մեծանում է նաև որոշ պաշտոնյաների ու հոգևորականների ախորժակները: Չէ, ես դեմ չեմ, որ տուրիստը մեր երկրում գումար ծախսի, ավելին՝ հնարավորինս նպաստում եմ դրան ի պաշտոնե, բայց, ինչպես ասում են, փողը պետք է աշխատել, այլ ոչ թե տարատեսակ խորամանկություններով «կլպել»: Այլապես դա վերածվում է հասարակ ռեկետի:
Եվ ի՛նչ է ստացվում: Բազմաթիվ եկեղեցիների գավիթներ վերածվել են վաճառասրահների, որոշ քահանաներ փորձում են տուրիստից փող պոկել՝ նրա նախնիների համար՝ տուրիստին անհասկանալի գրաբար հայերենով աղոթելով, տարատեսակ շարականներ երգելով ու մինի շոու-ներկայացումներ բեմադրելով: Դե, ինչպես ասում են, բաշարում են, անում են, իրենց մուր՝ իրենց գլուխ: Ով էլ չի ցանկանում, թող չլսի, կամ թե՝ փող չտա: Սակայն որոշ դեպքերում խորամանկությունն ավելի հեռուն է գնում: Եվ ահա Տավուշի մարզի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհը փակվել է ուղեփակոցով՝ յուր անցակետն էլ կողքին: Մեքենայով անցնելու համար պետք է 300 դրամ վճարել:
Առաջին հայացքից ոչ մի արտառոց բան: Սակայն մեկ րոպե: Արդյո՞ք սա հավատացյալների և պարզապես ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի, սրբավայրին մոտենալու ազատության սահմանափակում չէ: Նրանք, ովքեր երբևէ եղել են Հաղարծնում, գիտեն, որ յնտեղ ոտքով գնացողներ գրեթե չկան: Բոլորն էլ մեքենայով են գալիս, մի պարզ պատճառով՝ այն հեռու է բնակավայրերից:
Կգտնվեն մարդիկ, որ կասեն՝ «դե թող մեքենան թողնեն, ոտքով շարունակեն»: Եվ հենց այստեղ էլ սկսվում է լավ մշակված պլանը: Նախ ուղեփակոցը դրված է վանքից բավականին հեռու, և եթե հավատացյալն ունի շարժվելու խնդիր, կամ թե տարիքն ու առողջությունը չեն ներում, ապա ստիպված է վճարել:( Ի դեպ, նույն խնդիրը կա նաև Խոր Վիրապում, որտեղ հաշմանդամ կամ առողջական խնդիր ունեցող մարդկանց համար ուղեփակոցը բացվում է միայն 1000 դրամ վճարելուց հետո): Եվ երկրորդ, տեղանքին ծանոթ յուրաքանչյուր ոք կփաստի, որ Հաղարծին տանող ճանապարհն այդքան էլ լայն չէ, և այդ հատվածում երկու-երեք մեքենա կայանելու դեպքում, մյուս մեքենաներն արդեն ուղեփակոցին էլ չեն կարող մոտենալ, էլ չեմ խոսում ավելի մեծ մարդատար մեքենաների մասին: Եվ երրորդ, կա՞ արդյոք բացատրություն, թե ինչո՞ւ պետք է ես կամ մեկ այլ քաղաքացի վճարի անհիմն գումարներ՝ սեփական երկրում սեփական սրբավայր այցելելու համար: Չորրորդ, Սևանավանքի և այլ վանքապատկան ավտոկայանատեղերի կտրոնների վրա հստակ նշված է, որ կայանատեղի պատասխանատուն պատասխանատվություն չի կրում կայանված մեքենաների և դրանցում գտնվող իրերի կորստի և կամ մասնակի ու լրիվ վնասման դեպքում ( և էստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ բա էդ գումարներն էլ ինչի՞ համար են վճարում վարորդները): Ի վերջո այս բազմահազար եկեղեցիները կառուցվել ու պահպանվել են նախ և առաջ ժողովրդի և նրա նվիրյալների կողմից: Դրանք ոչ մի հոգևորականի սեփականությունը չեն:
Ես սպասում եմ բացատրությունների այս առիթով: Միգուցե և հաջողվի ինձ և հազարավոր այլ մարդկանց հակառակն ապացուցել:
ՀԳ. Մեկնաբանություն թողնելիս համոզվե՛ք, որ թեմայից տեղյակ եք, գտնվում եք ադեկվատ վիճակում և գրում եք հայատառ:
ՀՀԳ. Ցանկացած ֆեյքի մեկնաբանություն անմիջապես կջջնջվի, իսկ ֆեյք օգտատերը կարգելափակվի: