Մոսկվայում տեղի ունեցած հավակնորդների մրցաշարում անհաջող ելույթները հոգեբանական մեծ հարված են հասցրել Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանին, քանի որ նա շատ լուրջ էր նախապատրաստվել մրցաշարին՝ գրում է «Р-Спорт»-ը:
Հիշեցնենք, որ Արոնյանը Մոսկվայում մասնակցում էր աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: 14 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ Արոնյանն զբաղեցրեց 4-7-րդ տեղերը: Մրցաշարի հաղթող դարձավ ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ով նոյեմբերին աշխահի չեմպիոնի կոչման համար պայքարելու է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար, աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
«Դժվար է ասել, թե քանի միավոր ես կորցրի: Բայց այն, որ պետք է առավելությամբ ավարտեի մրցաշարը, ես վստահ եմ: Եվ ինձ համար մեծ հարված է, որ չկարողացա ստանալ Կարլսենի հետ պարտիա անցկացնելու հնարավորություն: Ամեն դեպքում այսքան աշխատանք, խաղատախտակի մոտ անցկացրած այսքան ժամանակ, և արդյունքը ցույց չի տալիս, որ ես ամրապնդվել եմ որպես շախմատիստ. սա ինձ համար շատ տհաճ է:
Եվ սա պայմանավորված է նրանով, որ ես անհրաժեշտ պահերին այնքան սառնասրտություն չդրսևորեցի ճիշտ որոշում կայացնելու համար: Սակայն սա իմ խնդիրն է, որ տանջում է ինձ ամբողջ կարիերայիս ընթացքում, և այս անգամ ևս այդպես եղավ: Տագնապայնությո՞ւն. նորմալ է, երբ ցանկանում ես քո լավագույն որակները ցուցադրել: Ես այդպիսին եմ. ինձ չեն գոհացնում պարզ քայլերը. միշտ ցանկանում եմ ուժեղ քայլ կատարել յուրաքանչյուր դիրքում:
Ես պատասխանատվություն ունեմ շախմատի նկատմամբ, և այսօր հետաքրքիր պարտիա ստացվեց: Այն հավասար պայքարում էր անցնում, և լուրջ փոփոխություն առաջացնող քայլեր չէի տեսնում: Բավական տրամաբանական էր, որ ավարտվեց ոչ-ոքի»,- ասել է Լևոն Արոնյանը: