pkkAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի հարավարեւելյան Մարդին  նահանգի Նուսայբին քաղաքում երկու զինծառայողներ սպանվել, 5-ն էլ ծանր վիրավորվել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների կողմից իրագործված պայթյունի արդյունքում:

Այս մասին  հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով երկրի զինված ուժերի գլխավոր շտաբին:

«Մարտի 27-ին PKK-ի անդամների կողմից շենքում դրված ինքնաշեն պայթուցիկ սարքի գործադրման հետեւանքով, որտեղ գտնվել են մեր 7 ընկերները, երկու հոգի սպանվել են, 5-ն էլ վիրավորվել են», -հայտնել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը:

«Անատոլուն» հաղորդել է, որ այսօր Թուրքիայի ԶՈւ երեք զինծառայողներ վիրավորվել են հարավարեւելյան քրդաբնակ Ուրֆայի նահանգում PKK-ի իրագործած պայթյունի հետեւանքով: Պայթյունը տեղի է ունեցել նահանգի ավտոմայրուղիներից մեկում այն ժամանակ, երբ այնտեղով անցնում էր ռազմական շարասյունը:

Անցյալ շաբաթվա ընթացքում PKK-ի ազատամարտիկների հետ փոխհրաձգությունների արդյունքում Թուրքիայում սպանվել են 8 եւ վիրավորվել 24 զինծառայողներ:

Թուրքիայում PKK-ի հետ զինված հակամարտությունը  2015 թվականի հուլիսից վերսկսվելուց հետո քուրդ ազատամարտիկների հետ բախումներում սպանվել են 300-ից ավելի զինծառայողներ եւ ոստիկաններ:

Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) հայտարարել է, որ թուրքական զինուժի կողմից PKK-ի դեմ գործողություններում զոհվել են հազարավոր խաղաղ բնակիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել