Tert.am-ը գրում է.
Վերջին երկու օրերին սահմանին իրավիճակը լարված է եղել, և հակառակորդը ստացել է արժանի հակահարված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հակառակորդը ակտիվություն է ցուցաբերել հատկապես Արցախի և Տավուշի ուղղությամբ՝ բոլոր հատվածներում: «Ադրբեջանի այս ակտիվությունը սպասելի էր, ինչի մասին արդեն հայտնել էինք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հրադադարի պահպանման միջազգային կոչերին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ինչպես միշտ Ադրբեջանն անարգեց այդ բոլոր կոչերը:«Հակառակորդին պատասխան եղել է այնքան ժամանակ, մինչև սանձվեն»,- ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը կիրառել է հիմնականում հրաձգային զենքեր և ականանետեր:
Հարցին, թե ինչ մեխանիզմների անհրաժեշտություն է տեսնում, որ Ադրբեջանը սաստվի, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ոչ մի այլ մեխանիզմ՝ բացի նրանից, ինչ այսօր անում ենք: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք միջազգային կոչերն անարդյունավետ են, նա նկատեց, որ փորձը ցույց է տալիս, որ այո:



