EVP93970Մոսկվայում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

Նախավերջին՝ 13-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն սպիտակներով մրցեց ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ: Երկարատև պարտիան ավարտվեց խաղաղությամբ՝ ոչ-ոքի: 13-րդ տուրից հետո վաստակած 6.5 միավորով Լևոն Արոնյանը 4-6-րդ տեղերը կիսում է Անիշ Գիրիի ու Հիկարու Նակամուրայի հետ:

Այս տուրում հաղթանակ տարավ ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան՝ սև խաղաքարերով առավելության հասնելով Վասելին Տոպալովի նկատմամբ:

Վիշվանաթան Անանդն ու Անիշ Գիրին իրենց պարտիան ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Դեռևս ընթանում է Ֆաբիանո Կարուանա – Պյոտր Սվիդլեր պարտիան: Հատկանշական է, որ հաղթանակի դեպքում Կարուանան 8 միավորով կդառնա մրցաշարի միանձնյա առաջատարը:

Հավելենք, որ վաղը տեղի է ունենալու մրցաշարի եզրափակիչ՝ 14-րդ տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որին հաղթել էր առաջին շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել