Tert.am-ը գրում է․

Գյուղատնտեսական տարին շատ հաջող էր սկսվել, բայց պարզապես վաղ գարնան ցրտահարությունը զգալի վնաս հասցրեց գյուղատնտեսություններին, և անկախ ցրտահարության հասցրած վնասի չափից մենք պետք է առանձնակի մոտեցում ցույց տանք յուրաքանչյուր տնտեսությանը, կոնկրետ լուծումներ առաջարկենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ անդրադառնալով ցրտահարության հետևանքներին:

«Հերթական հարվածը հասցվեց գյուղատնտեսությանը, գյուղացիներին: Մենք ինչ-որ աջակցություն պետք է ցուցաբերենք՝ դա կլինի որոշակի զեղչեր ոռոգման համակարգի հետ կապված,  վճարների ժամկետների ուշացման, միգուցե պարարտանյութի հարցում որոշակի զիջումների գնանք, յուրահատուկ մոտեցում պետք է ցույց տանք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելու կառավարության հնարավորություններին, ապա  Լյովա Խաչատրյանը նշեց, որ  չպետք է նայել հնարավորություն ունենալ-չունենալուն: «Եթե գյուղացին չկարողանա իր ծառը ջրել, որովհետև փող չունի, իսկ ծառը սկսում է բերք տալ հինգ- տասը տարի հետո, հետևաբար մենք կկորցնենք ծառի ապագա տասը տարվա բերքը»,-ասաց նա և  նշեց, որ յուրաքանչյուրին անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի:

Նա նկատեց, որ թեև Հայաստանը բարձր ռիսկային գոտում է գտնվում, սակայն  յուրաքանչյուր գյուղացիական տնտեսություն մի միավոր է, և եթե կտրվում է իր բերքից,  հայտնվում է անելանելի իրավիճակում:

Անդրադառնալով գյուղացիական ապահովագրության համակարգի անհրաժեշտությանը և դրա իրատեսական լինելուն՝ պատգամավորն ասաց.«Դրա անհրաժեշտությունը վաղուց կա, բայց որքանով այն կանդրադառնա առանց այդ էլ մեր թանկ գյուղացիական տնտեսությունների վրա»,-ասաց նա:

Նա  նկատեց, որ եվրոպական երկրներում, որտեղ գյուղատնտեսությունն ոչ այնքան ռիսկային է, պետությունը  զգալի սուբսիդիաներ է հատկացնում, քանի որ ունի հնարավորություն և գյուղատնտեսական ապահովագրական ծախսը մեծ ազդեցություն չի ունենում  ինքնարժեքի վրա: Նա նշեց, որ մեզ մոտ շատ ընկերություններ չեն գնա ապահովագրական քայլի,  քան որ Հայաստանը բարձր ռիսկային գոտում է, իսկ պետության աջակցությունը շատ փոքր է և ապահովագրությունը կանդրադառնա գյուղացիական մթերքների ինքնարժեքի վրա, որն այնուհետև չի լինի մրցունակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել