Lragir.am-ը գրում է․
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ առաջիկայում տնտեսությունում մի շարք հստակ միջոցառումներ են ձեռնարկվելու: Նա հայտարարել է, որ ուժեղացվելու է բենզինի, գազի, խաղալիքների շուկաների որակի վերահսկողությունը, մրցակցության պաշտպանության տարրեր են կիրառվելու:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանի նշանակումն էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առանձնապես հույսեր չի արթնացրել հասարակությունում, չնայած նրան, որ նախարարի պրոֆեսիոնալ ու մարդկային բարձր որակները կասկած չեն հարուցում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հեղափոխություն անել տնտեսությունում, պարտադիր չէր դրա համար նշանակել Արծվիկ Մինասյանին:

Այնուամենայնիվ, մի շարք ընթացիկ հարցեր կարելի է լուծել առանց հեղափոխության: Օրինակ, գազի որակի հարցը: Նախարարը փաստացի, խոստովանել է, որ գազի ու բենզինի որակի խնդիրներ կան: Այդ խնդրի մասին շատ է խոսվել, այդ թվում, որ գազի հետ օդ են խառնում հաշվիչներն ավելի արագ պտտելու համար: Պատահական չէ, որ ավելացել են գազի՝ անհիմն բարձր վարձերի վերաբերյալ բողոքները: Ավտովարորդները նույնպես բողոքում են, նրանք դժգոհ են լցակայանների գազի որակից:

Փաստորեն, նախարարությունում գիտեն, որ այդպիսի խնդիր կա, եթե նախարարն ասում է, որ պատրաստվում է լուծել: Ի՞նչ է նա մտադիր անել: Կարգի հրավիրել Գազպրոմի՞ն, որը հայկական գազի շուկայում մենաշնորհ ունի: Ռուսական պետական կորպորացիաներին լուրջ պահանջներ կներկայացվե՞ն:

Նախարարն ասում է, որ պատրաստվում է միջոցներ ձեռնարկել մրցակցության պաշտպանության համար: Հայաստանում մենաշնորհներն արգելված չեն օրենքով: Ավելին, ինչպես նշում են շատ տնտեսվարողներ, ՏՄՊՊՀ-ը գրեթե անթաքույց զբաղված է մենաշնորհների պաշտպանությամբ՝ սահմանափակելով իրական մրցակցությունը:

Նախարարը կարո՞ղ է կոշտացնել Հայաստանում մենաշնորհների գործունեության պայմանները: Նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, որ Հայաստանում պայքար չի տարվելու մենաշնորհների դեմ: Արծվիկ Մինասյանը համաձա՞յն է, որ Հայաստանում մենաշնորհները պետք է պահպանվեն: Մասնավորապես, խոսքը ռուսական պետական կորպորացիաների մենաշնորհների մասին է, որոնք վերահսկում են հայկական գրեթե բոլոր հաղորդակցություններն ու ենթակառուցվածքները:

Տնտեսությունում հեղափոխությունը հնարավոր է միայն երկրի տնտեսական ինքնիշխանությունը վերականգնելու դեպքում, որը վերջնականապես կորսվել է ԵԱՏՄ-ին անդամակցելով: Ի դեպ, Արծվիկ Մինասյանի կուսակցությունը կողմ է քվեարկել Հայաստանի անդամակցությանն այդ միությանը:

Մինչդեռ, ինչպես վերջերս Երեւանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, Հայաստանի ինտեգրացիան ԵԱՏՄ-ին բարդություններ է ստեղծում առեւտրի համար:

«Առաջին հերթին դրա պատճառն այն է, որ ԵԱՏՄ անդմաները, այդ թվում Հայաստանը, սակագների հաստատման ու առեւտրի ոլորտում այլ հիմնարար որոշումների հարցում ինքնիշխանությունը փոխանցել են Եվրասիական խորհրդին, ինչի հետեւանքով չեն կարող ինքնավար երկկողմ առեւտրային հարաբերություններ ունենալ, օրինակ, չեն կարող ազատ առեւտրի նոր պայմանագրեր ստորագրել», - ասել է Մոգերինին:

«Ինքնիշխանության հանձնումը» հասցրել է նրան, որ գազի գնի իջեցման համար Հայաստանը Ռուսաստանին է դիմում խնդրանքով, այլ ոչ թե առաջարկով: Եվ շունչը պահած սպասում է, թե ապրիլի 7-ին Երեւանում ինչ կասի Դմիտրի Մեդվեդեւը: Ահա եւ ամբողջ տնտեսական հեղափոխությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել