Մեր հասարակության մեջ արմատացել է այն կարծիքը, որ բոլորը պետք է պարտադիր ստանան բարձրագույն կրթություն և զբաղեցնեն ամենալավ պաշտոնները...

Կարծում եմ, սովետական հասարակարգի արգասիքը՝ այն «արժեհամակարգը», որի կրողն են այսօր մեր հասարակության գրեթե բոլոր մեծահասակները՝ շատ ավելի լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել մեզ, քան մենք կարծում ենք: Այդ խնդիրներից մեկն էլ հենց մտածելակերպային անոմալ դրսևորումներն են, որոնց արդյունքում ունենք այն, ինչն անթույլատրելի է ժողովրդավարացման ուղով շարժվող պետության համար:

Քաղաքացիական հասարակության առանցքային տարրերից է ընտանիքը, որի միջոցով հիմնական գաղափարական հենքն են ստանում մեր երիտասարդները: Այսինքն, ընտանիքն այն օղակն է, որի միջոցով երիտասարդ սերնդի մոտ ձևավորվում է հասարակության մեջ ապրելու և գործելու (որպես քաղաքացի) հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, այդ թվում և քաղաքացիական մտածողությունը:

Չեմ կարծում, որ ժողովրդավարական հասարակության համար քաղաքացիական մտածողության դրական ցուցանիշ կարող է լինել այն, ինչն իրականում հակահասարակական է և աբսուրդի ժանրից:

Ինչու՞ են մեզ մոտ բոլորը ձգտում համալսարաններ ավարտել. մի՞թե միայն այն բանի համար, որ իրենք էլ ունենան դիպլոմներ, կամ էլ ուղղակի շրջապատում ամոթով չմնալու համա՞ր գուցե: Այս կամ նման այլ արդարացումները հատկապես արմատացած են մեծահասակների մոտ (սկզբունքը մեկն է` «իմ երեխան պարտավո՛ր է բուհ ավարտել») և հենց նրանք էլ այդ մտածողությունը փոխանցելով իրենց երեխաներին` անմիջական վատ ազդեցություն են թողնում նրանց վրա: Արդյունքում ունենում ենք մեր համալսարանների նման ցածր վարկանիշ ունեցող կրթական հաստատություններ, որտեղ ոչ թե դիպլոմ ձեռք բերելու համար, այլ իրոք սովորելու նպատակով ընդունված երիտասարդներն էլ հիասթափվում են ամեն ինչից:

Այն դեպքում, երբ նույն այդ «ուսանողները» կարող էին արհեստի այս կամ այն ճյուղում կամ որևէ այլ ոլորտում դառնալ շա՛տ ավելի լավ մասնագետներ, քան այժմ փորձում են դառնալ գիտնականներ, մանկավարժներ, իրավաբաններ և այլն...

Վստահ եմ, որ նրանցից շատերը պատրաստ կլինեին դառնալ այլ մասնագետներ, ուղղակի, ծնողների ազդեցության շնորհիվ և նման այլ պատճառներով ընդունվել են այնտեղ, որտեղ չպետք է ընդունվեին...

Հ.Գ.
Ինձ համար ավելի մեծ հարգանքի են արժանի բոլոր նրանք, ովքեր իրենց ապագայի մասնագիտության ընտրությունը կատարում են գիտակցաբար և իրենց ցանկությամբ, քան նրանք, ովքեր ուրիշների կարծիքի ազդեցության տակ և ուրիշների որոշումներով են դա անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել