ՄԻԱԿ քարտուղար |
Մեր քաղաքական իրականության մեջ մի կարծրատիպ է արմատացել, որը կարելի է անվանել ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՖԱԿԱՆԱՑՈՒՄ: Այսինքն` բուն ընտրական գործընթացին վերագրվում են որակներ կամ բաղադրիչներ, որոնք կա՛մ չեն բնորոշում այն, կա՛մ էական չեն այդ համատեքստում: Այս մոտեցման հետևորդները պարզունակ թեզ են առաջ քաշում, որի իմաստը սա է. «Եթե ընտրական գործընթացում չկան ինտրիգներ, լարվածություն, փողոցային ակցիաներ և մեծ ծավալի «սև PR»-ի դրսևորումներ, ապա դրանք ըստ էության ընտրություններ չեն: Եթե փորձենք անալոգիա անցկացնել ֆուտբոլի հետ, ապա կստացվի, որ «եթե խաղն անցնում է կոռեկտության սահմաններում, քիչ են անթույլատրելի հնարքները, դեղին ու կարմիր քարտերը, ապա դա ֆուտբոլ չի»: Անշուշտ, տարաբնույթ թրիլերների, սուր զգացողությունների սիրահարները և կատաստրոֆիզմի տեսության ջատագովները կարող են այդպես մտածել, բայց իրականում ֆուտբոլի մրցակցային լինելը երբեք չի կարելի որոշել վերոնշյալ իրավիճակային դրսևորումներով: Ճիշտ այնպես, ինչպես որ քաղաքական ընտրությունների որակը ուղիղ համեմատական չի նրան, թե ինչքան են դրանք ինտրիգային կամ գերլարված: Ասել կուզեմ, որ ոչ թե արհեստական ինտրիգներ, թշնամանք ու ատելություն պետք է փնտրել ընտրական գործընթացներում, այլ գաղափարների ու ծրագրերի մրցակցություն: Իսկ եթե այս ամենին վերաբերվում ենք քամահրանքով ու անհավատ, ապա երբեք չենք հասկանա, թե ինչ է իրենից ներկայացնում իրական ընտրությունը: