Ես արդեն սկսել եմ հավատալ, որ Քեշիշյանի նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմն իր մեջ զգալի դրական տարրեր է պարունակում: Այլապես համացանցում մեկը մյուսի ետևից ի հայտ չէին գա «Յա Գարեգին Նժդեհ» վիդեոկապիկությունները: Բայց արդյո՞ք դրանք սովորական կապիկություններ են, որոնք, թվում է թե, միայն դեռ չցուցադրված ֆիլմն են ծաղրում: Իրականում ծաղրում են թե՛ ֆիլմը և թե՛ նրան, ում նվիրված է ֆիլմը: Սկզբում սարքեցին, որ Գարեգին Նժդեհը ոտքով հարվածում, փոսն է գցում մի սևամորթի: Հասկացանք՝ ակնարկ է «Զանգեզուր» ֆիլմին, ուր զորավարի մարտիկները ձորն են գլորում հայ բոլշևիկներին (Ի դեպ, այս մասին փաստավավերագրական ոչ մի վկայություն գոյություն չունի): Հետո ի հայտ եկավ «Սպարտակ» ֆիլմից մոնտաժված հաջորդ կապիկությունը. պարտված Սպարտակը և նրա մյուս զինակիցները վեր են թռչում նստած տեղներից և հերթով բացականչում. «Յա Գարեգին Նժդեհ»: Սա էլ հասկացանք. Գարեգին Նժդեհը ստրուկ էր, ստրուկներին ոտքի հանեց, որոշ հաղթանակներ տարավ, բայց ի վերջո պարտություն կրեց, ու էլի ստրուկները մնացին ստրուկ: Հաջորդ կապիկությունը տարբեր ֆիլմերից է: Օրինակ՝ մի հրաձիգ թաքնված տեղից կրակում, վիրավորում է միամտորեն քայլող մի մարդու, ապա բացականչում. «Յա Գարեգին Նժդեհ»: Կամ «Յա Գարեգին Նժդեհ» է բացականչում ագենտ Ջեյմս Բոնդը: Սա էլ է հասկանալի. Գարեգին Նժդեհը օտարերկրյա (երևի նկատի ունեն՝ գերմանական) գործակալ էր, ով կարող էր անմեղ մարդկանց գնդակահարել: Վա՜յ, ապերախտներ, ապերախտներ: Չէ՞ որ Նժդեհը համակենտրոնացման ճամբարներում գերմանացիների ճանկերից ձեր հայրերին էր փրկում, որ ողջ-առողջ տուն վերադառնան: Ապերախտներ, չէ՞ որ եթե Նժդեհը Սյունիքը չփրկեր, այսօրվա Հայաստանն էլ գոյություն չէր ունենա: Ապերախտներ, չէ՞ որ Գարեգին Նժդեհը սփյուռքն էր փրկում ուծացումից, որ անիրավված հայ մարդն իրեն հայ զգա ու ոտքի կանգնի: Բայց ո՞ւմ եմ ասում: Առողջ միտք ու առողջ հոգի ունեցող հայ մարդն էսպիսի այլանդակություններ իրեն թույլ կտա՞: Այ, թուրքը թույլ կտա: Բայց իրոք, գուցե այս բանդերլոգությունների հեղինակներն իսկապե՞ս թուրքերն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել