Tert.am-ը գրում է.
Հայաստան – Բելռաուս ընկերական հանդիպումից (0:0) հետո Հայաստանի ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը պատասխանեց լրագրողների հարցերին.
- Խաղի մասին ի՞նչ կարող եք ասել
- Լավ խաղացինք, ճիշտ է` չկարողացանք գոլ խփել, բայց նախորդ հանդիպումների համեմատ հաջող էինք գործում: Ավելի շատ պահեր ստեղծեցինք. կարծում եմ` առաջին անգամվա համար վատ չէր:
- Ցավալի հարված ստացաք Ձեր ոտքին. արդյո՞ք հիմա ամեն ինչ լավ է:
- Այո, ամեն ինչ նորմալ է:
- Նորեկների հետ համագործակցությունը ստացվե՞ց:
-Կարծում եմ` Դավիթ Մանոյանը երկար բացակայությունից հետո և Գոռ Մալաքյանը դաշտի կենտրոնում լավ հանդես եկան: Փոխարինման մտած ֆուտբոլիստները նույնպես լավ գործեցին: Նրանց ժամանակ է պետք մերվելու համար: Հույս ունենանք, որ հավաքականն ավելի ուժեղ կդառնա:
- Երիտասարդ դարպասապահի ազդեցությունը հոգեբանական առումով ազդե՞լ էր թիմի վրա:
- Եթե նա ազգային հավաքականում է հանդես գալիս, ուրեմն պատրաստ է: Ճիշտ է` հնարավոր է մեկնարկային հանդիպման պատճառով լարվածություն կար, բայց կարծում եմ` նա լավ հանդես եկավ, թիմին փրկեց: Մյուս մրցավեճերում ավելի լավ կխաղա:
- Մարզչի առաջադրանքներից ի՞նչը հաջողվեց կատարել և ի՞նչը` ոչ:
- Խաղից հետո մարզիչը գոհունակություն հայտնեց. ասաց, որ կատարել ենք գրեթե այն ամենը, ինչ նա առաջադրել էր: Կարծում եմ` միայն գոլն էր պակասում:
- Բերեզովսկու փոխարինման պահը շատ խորհրդանշական ստացվեց…
- Ճանապարհ ենք դնում մի ֆուտբոլիստի, ով 19 տարի շարունակ ոչինչ չի խնայել հավաքականի համար: Հոգի ու սիրտ է դրել թիմի համար, որպեսզի ուրախացնի ազգին: Գտնում եմ` նրան լավ ճանապարհեցինք, լավ զգացողություններ ունի:
- Հավաքականում հոգեբանական առումով հիմա ի՞նչ վիճակ է` կապված ՀՖՖ նախագահի վերջին հայտարարության հետ:
- Մենք ընդհանրապես ուշադրություն չենք դարձնում: Մեր գործը ֆուտբոլ խաղալն է, ի՞նչ կարող ենք անել: Եթե մարզիչը չի ցանկանում հրավիրել որևէ ֆուտբոլիստի, մենք չենք կարող նրան ստիպել, ասել, որ պետք հրավիրվի: Մեզնից ինչ հասնում է, խաղադաշտում կատարում ենք:



