Տառեր կրճատելու Արամայիսի գաղափարը նորություն չի. անցյալում էլ են նման փորձեր կատարվել, և նույնիսկ հռչակավոր Աբեղյանն էր առաջարկել նման գաղափար, որը կիրառվել էր անցյալ դարի 30-50 ականներին՝ աչքի առաջ ունենալով ժամանակակից զարգացումները: Տառերի առումով իրոք խնդիր կա, բայց դա հաստատ աբսուրդի մակարդակի հասցնելը խնդրի լուծման ուղի լինել չի կարող: Հայերենն, օրինակ, ունի «է», «յ» տառերը և միաժամանակ «ե» տառը, որ հա՛մ «է» է հնչում հա՛մ «յէ»: Նույնը կարող ենք ասել «ո»-ի առումով, որը հնչում է թե՛ որպես «օ» և թե՛ «վօ»՝ միաժամանակ ունենալով «վ» և «օ» տառերը: Ունենք «և» տառը, որը որպես մեծատադ դառնում է «Եվ», ինչը ընդհանուր կանոնի խախտում է: Մի խոսքով, կան բաներ, որ կարելի էր փոփոխության ենթարկել: Անգլերենը, որ օգտագործվում է որպես միջազգային լեզու, ևս ունի նման խնդիրներ. «c»-«k»-«s», «q»-«k»-«u» և այլն և այլն: Բայց եթե անգլերենի դարդը թողնենք իրենց, ապա հայերենի առումով պետք է իրոք ինչ-որ բան անել: Սակայն նույնիսկ նման փոփոխություն անելու համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունը վստահություն վայելի հասարակության մեջ, և հասարակությունն էլ տեսնելով իշխանության դրական քայլերը այլ՝ ավելի խնդրահարույց ոլորտներում, ընդունի նաև այս ոլորտում առաջարկվելիք փոփոխությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: