Tert.am-ը գրում է.

«Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները» թեմայով ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար  Նաիրա Զոհրաբյանն իր հարցերն ուղղեց օրենսդրական փաթեթը ներկայացնող Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին:


Նա իրապես կարևորեց նախատեսվող փոփոխությունները և նշեց, որ իրենց դիմել են բազմաթիվ կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ: «Ինչպե՞ս պետք է վարվել այն անձանց հետ, ովքեր ռեստորանային համալիրներում, որպես հաճախորդ գրավելու միջոց, պահում են կենդանիներ, երբ խոշտանգում են կենդանիներին, հասցնում են սովամահության»,-ասաց նա:


Պատգամավորն ասաց, որ ուսումնասիրել են այս առումով միջազգային փորձը, ըստ որի՝ խստագույն պատժամիջոցներ են նախատեսված կենդանիների համար ոչ պատշաճ պայմաններում պահելու, խոշտանգելու համար:  «Ինչ-որ մեկն իր հավես համար, իր օբյեկտում վանդակ է դրել՝ որևէ պայման չունենալով կենդանի է պահում»,-ասաց նա:


Փոխնախարարն ասաց, որ օրենսդրական փաթեթի թիվ մեկ նպատակը հենց նման դեպքերի բացառումն է: «Մենք այստեղ առաջին անգամ ներ ենք դնում թույլտվություն ինստիտուտը, ըստ որի անազատ և կիսաազատ պայմաններում կենդանիներ պահելու համար պետք է թույլտվություն տրվի, և անպայման պետք  է  նշվի պահման նպատակը, պայմանները»,-ասաց նա:


Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ արդյո՞ք անհրաժեշտ չէ ընդհանրապես արգելվի զվարճանքի վայրերում,օբյեկտներում, սեփական հավեսի համար, սեփական գազանանոց ունենալը:
Որին ի պատասխան փոխնախարարն ասաց, որ հստակ սահմանվել են պարտավորություններ և յուրաքանչյուր ազատ կամ կիսաազատ պայմաններում վայրի կենդանի պահող պարտավոր է անցկացնել համապատասխան համարակալում, նույնականացում, գրանցում լիազոր մարմնում:
 

«Նախապայմանների ինստիտուտն այնպիսինն է լինելու, որ զվարճանքի կենտրոնները չեն կարողանալու այդ պայմաններն ապահովել, ինչը լուրջ զսպաշապիկ է լինելու»,-նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել