Դոնի Ռոստովում վթարված FlyDubai ավիաընկերության ինքնաթիռի հրամանատարը մտադիր է եղել հեռանալ ավիաընկերությունից հոգնածության պատճառով: Այս մասին անանունության պայմանով BBC-ին պատմել են նրա գործընկերները:

Ավիաընկերության աշխատակիցների խոսքով՝ ինքնաթիռի անձնակազմի հրամանատար կիպրոսցի Արիստոս Սոկրետուսը դեռ թռիչքից առաջ հեռանալու դիմում է ներկայացրել և աշխատելիս է եղել մնացած 3 ամիսները, իսկ որպես հեռանալու պատճառ նշել է հոգնածությունն ու կյանքի որակը:

Աշխատակիցներից մեկը հայտնել է, որ արդեն հեռացել է, մյուսը, որ պատրաստվում է դա անել մոտ ժամանակներս:

«Ես չեմ ուզում քննարկել, թե ինչն է դարձել աղետի պատճառ, բայց կարծում եմ՝ հոգնածությունը կարող էր լինել գործոն, որը դրան նպաստել է: Ես նաև զարմացած չեմ, որ դա տեղի ունեցավ»,- ասել է օդաչուներից մեկը:

Նրա խոսքով՝ անձնակազմերի անդամները հաճախ գերլարված են լինում, տառապում են հոգնածությունից: «Դա զգալի ռիսկ է: Աշխատակիցները գիշերային հերթափոխերից հետո դուրս են գալիս ցերեկայինների՝ առանց միջակայքում բավարար հանգստի: Ես կասեի՝ ավիաընկերության աշխատակիցների 50%-ը տառապում է գերհոգնածությունից»,- հավելել է FlyDubai-ի աշխատակիցը:

Մեկ այլ օդաչու պատմել է, որ հոգնածության հարցը բարձրացրել է ղեկավարության մոտ, բայց նրա խոսքով՝ ոչինչ չի արվել:

Մարտի 19-ին Fly Dubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Դուբայից, վայրէջքի ժամանակ ընկել է Դոնի Ռոստովի օդանավակայանի թռիչքուղուց ձախ գտնվող հատվածում։ Նշվում է, որ գետնին դիպչելով՝ ինքնաթիռը պայթել է։ Ինքնաթիռում եղել է 62 մարդ։ Նրանք բոլորը զոհվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել