ՀԱԿ-ը մերժեց Փաշինյանի առաջարկը՝ Հրազդանի ԸԸՀ-ներում իր անդամներին ներկայացնելովArmtimes.com-ը գրում է.

Այսօր ժամը 18:00-ին լրացավ ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԱԺ խմբակցությունների կողմից ԿԸՀ ներկայացվելիք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների առաջադրման վերջնաժամկետը:

ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը armtimes.com-ին տեղեկացրեց, որ ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբակցությունները` այդ թվում ՀԱԿ դաշինքը հանձնաժողովին են ներկայացրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների իրենց ցանկը: Սահմանված ընթացակարգով ԸԸՀ-ները, ծանոթանալով ներկայացված անձանց տվյալներին, մինչեւ մարտի 26-ը նշանակումները կանեն:

Նշենք, որ ապրիլի 17 ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքներում: Հերթական ընտրությունների համար ձեւավորված թվով 86 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ`ՀՀԿ` 38-ական, ԲՀԿ` 27-ական, ՀԱԿ դաշինք` 6-ական, ՀՅԴ՝ 5-ական: ՕԵԿ՝ 5-ական, «Ժառանգություն»՝ 5-ական:

Ամենաինտրիգայինն ինչպես հայտնի է Հրազդանի քաղաքապետի ընտրություններն են, որտեղ ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սասուն Միքայելյանին եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Արթուր Միսակյանին:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ առաջարկելով Հրազդանի ԸԸՀ-ներում ՀԱԿ դաշինքի անդամներին նշանակելու իրավունքը վերպահել ՀԱԿ համամասնական ցուցակի 13-րդ տեղում գտվող Սասուն Միքայելյանին, սակայն ՀԱԿ-ը մերժեց այդ առաջարկը:

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ-ն ունի երկու հանձնաժողովի նախագահ (25/5 եւ 25/9 ԸԸՀ) եւ երկու քարտուղար (25/13 եւ 25/20 ԸԸՀ): 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել