Լեզվամտածողությունը կարևոր գործոն է մարդկային գիտակցության և ժողովուրդների զարգացման մեջ: Բազմաթիվ բառեր կան Հայոց Լեզվի մեջ, որոնք ուղիղ կապված են ժամանակակից քաղաքական ավանդույթների ձևավորան հետ և ունեն արդիականացման կարիք: Ես կանրադառնամ միայն երկուսին.
1. «Հասարակություն»: Այս բառի արմատը «հասարակ» բառն է, այն հավանաբար ունի դարերի պատմություն (իմ լեզվաբան ընկերները թող ուղղեն եթե սխալվում եմ) և վերաբերվում է հիմնականում անկիրթ և ցածր խավերին: Այնինչ, այսօրվա իրականության մեջ, բառը վերաբերվում է բացառապես բոլորին: Գիտնական, գործարար, գյուղացի թե երաժիշտ, բոլորը սոցիումի անդամներ են և հայերենում բնութագրվում են, իմ կարծիքով բավականին նվաստացուցիչ «հասարակություւն» բառով:
Ռուսերենում, օրինակ Общество բառը բացարձակ նվաստացուցիչ չէ, հակառակը, այն ունի դինամիկ, միավրող, ընդհանուրի գաղափար:
Գերմաներենում, Gesellschaft բառը ևս կիրառվում է սոցիումը բնութագրելիս, սակայն ունի բարձրաշխարհիկության տարր, այն ավելի նման է ընկերակցություն բառին: Կա նաև Gemeinschaft բառը, որը մեր «համայնք» բառն է, կարծում եմ սա հայերեն շատ տեղին և գեղեցիկ բառ է, իտարբերություն հասարակություն բառի:
2. Երկրորդ բառը, որին ցանկանում եմ անրադառնալ, «Իշխանություն» բառն է: Բառի արմատը «իշխան» բառն է և իր մեջ ունի արքայական, ազնվական բնութագրիչ: Իտարբերություն իշխանների, արքայական կամ ազնվական ծագում ունեցող մարկանց խմբերի, ներկայիս «իշխանությունը» չի ձևավորվում արյան գործոնի հիման վրա, այլ ընտրությունների: Իսկ ընտրված քաղաքապետը, պատգամավորը կամ նշանակված մարզպետը իշխան չէ, այլ իրականում ծառայող:

Հետևաբար, իշխանություն, ինչպես նաև հասարակություն բառերը բացարձակապես անտեղի են և մեր լեզվամտածողության միջոցով առաջացնում են անտեղի բևեռվածություն և հեռավորություն ընտրողների և ընտրվողների մեջ:
Լեզվի տեսչությանը առաջարկում եմ հայերենում գտնել այլ բառեր և այս երկու բառերը փոխարինել նոր բառերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել