Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը բազմապիսի քննարկումների առիթ է դարձել: Այն քննարկվում է հասարակական և քաղաքական տարբեր շրջանակներում: Ինչպես գիտենք, Ընտրական օրենսգրքի նոր նախագծի համաձայն կուսակցությունները պետք է տեղեր հատկացնեն նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Սա գովելի փաստ է, քանի որ այս կերպ ազգային փոքրամասնությունները կարող են ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Բացի այդ, հնարավորություն են ստանում Ազգային Ժողովի մակարդակով բարձրաձայնել իրենց համայնքի խնդիրները:
Ինչպես երևում է, սակայն, այս թեման եզդի համայնքի համար ոչ միայն «քիմք շոյող» եղավ, այլ նաև մեծացրեց վերջիններիս ախորժակը: «Մեդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանն այսօր, կայքերից մեկի հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով ներքաղաքական կյանքում ազգային փոքրամասնությունների ներգրավվածության թեմային, նշել է. «Բնական է, որ մեկ կամ երկու պատգամավորի ձայնը որոշիչ չի կարող լինել, բայց այդ պատգամավորը համարվում է ամբողջ ժողովրդի պատգամավորը, նշանակում է, որ մենք բացի ազգային փոքրամասնություն լինելուց, նաև ներկայացնում ենք ողջ հանրապետությունը: Ինչ վերաբերում է կառավարությունում ներկայացված լինելուն, բնականաբար, ցանկալի է: Ես Միացյալ Նահանգներում էի և այնտեղ ինձ հարցեր էին ուղղում՝ արդյո՞ք ՀՀ-ում եզդիները կառավարությունում ներկայացուցիչ ունեն, իսկ ես հարցերին ուղիղ չէի պատասխանում և խուսափում էի: Ցանկալի կլիներ մասնակցել ոչ միայն օրենսդիր, այլ նաև գործադիր մարմնի գործունեությանը»:
Արդեն երկրորդ հարցազրույցն է եզդիների կողմից այն մասին, որ պետությունը պետք է վերջիններիս, բացի ԱԺ մանդատներից, տրամադրի նաև մարզպետերի, ոստիկանապետերի, նախարարների, կառավարության գերատեսչությունների ղեկավարների պաշտոններ: Է հետո՞: Կուսկացությունները դեռ ընդամենը առանձին տեղեր են հատկացնում ազգային փոքրմասնություններին, սակայն արդեն պաշտոնակռվի մեկնարկը տրված է: Դե ի՞նչ կարիք կա հեռվից գալու, միանգամից եկեք Հայաստանի և նրա հարևան երկրների կառավարման ղեկն էլ ուզեք, ամեն մեկս գնա իր գործերով: Այդ կերպ Ամո Շարոյանը ոչ ԱՄՆ-ում, ոչ ՆԱՏՕ-ում, ոչ էլ Մեծ Բրիտանիայի թագավորական արքունիքներում ամաչելու տեղ չի ունենա:
Շարոյանի այն պնդումը, թե երկու երեք պատգամավորի ձայնը որոշիչ չի լինելու, կարծում եմ չի տեղավորվում ոչ մի տեսակ տրմաբանության շրջանակներում: Համաձայնենք, որ նախ պետք չէ վատատես լինել ու միանգամից մեկ մանդատի մասին խոսել, հետո էլ եզդիները կարծես մոռանում են ԱԺ-ում հայտնվելու մյուս առավելությունների մասին: Մեկ, երկու կամ երեք պատգամավոր ունենալը հնարավորություն է տալիս լսելի դարձնել տվյալ համայնքի անդմաների ձայները, բարձրաձայնել խնդիրներ, փորձել լուծումներ տալ բարձր մակարդակով:
Չգիտեմ այս ամենը ազգային փոքրամասնություններին ինչու չի բավարարում, սակայն մի խոսք կա, ասում է «ախորժակն ուտելուց է բացվում»: Հիմա այդ դեպքն է, մշուշոտ խոսվում է փոքրամասնություններին մանդատներ տալու մասին, նրանք արդեն դժգոհում են, որ ՄԱԿ-ի ենթակառուցվածքներն իրենք չեն համակարգում: