2007-2015թթ. մեր երկրում հաջողությամբ իրականացվել է Տուբերկուլոզի կառավարման ազգային ծրագիրը: Դրա շնորհիվ ժամկետի սկզբից նվազման միտում են ցուցաբերել տուբերկուլոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշները` հիվանդացությունը և մահացությունը: 2014-ին արդեն հիվանդացության ցուցանիշը 2006-ի համեմատ նվազել էր մոտ 2 անգամ: Ձեռք բերված բավական լուրջ նվաճումների կողքին կան մի շարք հիմնախնդիրներ, որոնք բարելավման կարիք ունեն:
Եվ ահա ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակի և Գլոբալ հիմնադրամի մասնագետների մեթոդական աջակցությամբ մշակել են «ՀՀ-ում տուբերկուլոզի կառավարման 2016-2020թթ. ազգային ռազմավարությունը և դրա միջոցառումների ծրագիրը», որի հաստատման հարցը ՀՀ կառավարության ս.թ. մարտի 24-ի նիստի օրակարգում է:
Նշված ժամանակամիջոցում նախատեսվում է բարելավել տուբերկուլոզով հիվանդների վաղ հայտնաբերումը, հիվանդության վերաբերյալ բնակչության իրազեկումը, նվազեցնել ներհիվանդանոցային վարակի տարածման ռիսկը և այլն:
Բացի այդ, ծրագիրը ներառում է միջոցառումներ` տուբերկուլոզի կանխարգելմանը և հսկողությանն ուղղված գործողությունների կառավարման և համաճարակաբանական հսկողության համակարգերի զարգացում, հաշվառման և հաշվետվության գործընթացի բարելավում, տուբերկուլոզի մոնիթորինգի և գնահատման համակարգի ղեկավարման հզորացում, արագ ախտորոշիչ թեստերի միջոցով ակտիվ դեպքերի հայտնաբերում, քաղաքացիների որակյալ տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու սահմանադրական երաշխիքի և մարդու իրավունքների պաշտպանության ապահովում:
Ծրագրի հիմնական նպատակն է կանխել տուբերկուլոզի տարածումը, հասանելիության ճանապարհով ապահովել ամբողջ բնակչության տուբերկուլոզի կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ 2015թ. համեմատ տուբերկուլոզի մահացության ցուցանիշը կնվազեցվի 35, հիվանդացության ցուցանիշը` 20 տոկոսով:
2016-2020թթ. նոր ազգային ծրագիրը համահունչ է գլոբալ ռազմավարությանը և քաղաքականությանը: