Մշտական շարժման մեջ է նաեւ չարիքը, թեև իր ամբողջ անչափելիությամբ եւ անընդգրկելիությամբ հանդերձ, այն ի վիճակի չէ մեկընդմիշտ կանգնեցնել կյանքի ընթացքը. հողը, ջուրը, օդը առաջվա պես գեղեցիկ են եւ մաքուր:

Մենք ամեն պահ թարթում ենք, բայց կարեւորը է ոչ թե այն, որ գոցում ենք աչքներս , այլ` որ բացում ենք դրանք: Ամբողջության մեջ կյանքը երբեք լուրջ չի վերաբերվում մահվանը: Կյանքը ծիծաղում է, պարում, խաղում, նա կառուցում է, նեղ օրվա պաշար է կուտակում, սիրով է զբաղվում մահվան աչքի առջեւ:

… Մահը բացարձակ ռեալություն չէ: Նա սեւ է երեւում, ինչպես, որ երկինքը` կապույտ, բայց մահվան մասին միտքը չի մթագնում մեր գոյությունը, ինչպես որ երկինքը կապույտի նախշեր չի թողնում թռչունների թեւերին:

Հոռետեսությունը հոգեւոր ալկոհոլիզմի ձեւ է, որ մերժում է կենարար ըմպելիքները, հրապուրվում դիմակազերծող գինեմոլությամբ. այն նետում է նրան հիվանդագին հուսալքության մեջ, որից նա փրկություն է որոնում` սուզվելով ավելի ուժգին թմբիրի մեջ:

Ամենաբազմազան տառապանքները, որոնց մենք բախվում ենք առօրյա կյանքում, նման են քայլել սովորող երեխայի ձախողումներին. դրանք վկայում են մեր անբավարար գիտելիքների, չօգտագործվող հնարավորությունների, կամարտահայտման անկարողության մասին միայն:

Բարին մեր բարձրագույն էության անհաղթահարելի պահանջն է: Բարու գիտակցությունը գալիս է առավել ճշգրիտ կենսահայեցողության հետ միասին, ինչը կյանքի մասին ամբողջական պատկերացում է ենթադրում, եւ հաշվի է առնում ոչ միայն այն, ինչը տվյալ պահին մեր աչքի առջեւ է , այլեւ ինչը չկա տակավին եւ, գուցե, չի էլ կարող լինել մարդկային կյանքում:

ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ,
<<ՉԱՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ>> էսսեից
թարգմ. Գագիկ Դավթյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել