Tert.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումից հետո լրագրողների հետ զրուցել է ընտրանու և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

- Առաջին մարզումից տպավորություններն ինչպիսի՞ն են: 

- Շատ լավ մարզում էր, հուսով եմ` լավ կպատրաստվենք բելառուսների դեմ խաղին:

- Հավաքականի նորեկների վերաբերյալ ի՞նչ կասեք: 

- Շատ լավ նորեկներ կան: Պետք է նրանց օգնենք մերվելու հարցում, որպեսզի կարողանան օգնել հավաքականին:

- Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո Դուք եք կատարում ավագի պարտականությունները. ի՞նչ է հարկավոր թիմին առավելագույնս համախմբելու համար: 

- Կարծում եմ` այդ հարցում ավագի թևկապը ոչ մի նշանակություն չունի: Ավելի շատ մարդկային որակների գործոն է, պետք է ավագը յուրաքանչյուր պահի թիմակիցներին իր ետևից տանի: Նշանակություն չունի, թե կլինեմ ավագ թե չէ, միշտ պատրաստ եմ թիմին տանել իմ ետևից:

- Ի՞նչ մտահաղացումներ ունի մարզիչը, ի՞նչ արտավարություն է ընտրելու: 

- Չեմ կարող ասել, որովհետև այդ հարցը գլխավոր մարզիչը քննարկում է մարզչական շտաբի հետ: Մենք պետք է կարողանանք այդ ամենը իրագործել. ոչ միայն տակտիկական, այլ նաև խաղային: Չէ՞ որ տակտիկան նշանակություն չունի, եթե ֆուտբոլիստները խաղադաշտում այն չեն կիրառում: Խաղերին պարզ կդառնա, թե որքանով ենք պատրաստ:

- Խոսակցություններ կան, որ հնարավոր է «Յուվենտուս» տեղափոխվեք…

- Ոչ մի կոնկրետ բան չկա, խոսակցություններ են:

- ՖԱՖ – ՀՖՖ հակամարտության մասին ի՞նչ դիտարկում ունեք: 

- Այդ հակամարտության մասին գաղափար չունեմ, չեմ խառնվում այդ հարցերում:

- Ռոման Բերեզովսկու հրաժեշտի հանդիպումն է. ի՞նչ կարևորություն կա:

- Ամեն ինչ կանենք, որ նրան լավ տրամադրությամբ հաջողություն մաղթենք:

- Ռոբերտ Արզումանյանը որոշեց ավարտել կարիերան հավաքականում. ի՞նչ կասեք այդ մասին:

- Ես կարող եմ միայն հարգել Ռոբերտի որոշումը: Ես դեռ չեմ քննարկել իր հետ, սակայն հասկանում եմ, եթե որոշել է, ապա խնդիր չկա: Միայն շնորհակալություն եմ հայտնում այսքան տարի օգնելու համար. Ճիշտ է` ցավալի է, սակայն պետք է առաջ շարժվենք, պետք է մտածենք, թե ինչպես փոխարինել իրեն:

- Յուրա Մովսիսյանի և Գևորգ Ղազարյանի` հավաքական չհրավիրվելը որքանո՞վ կազդի հարձակման գծի ներուժի վրա:

-  Ճիշտ է` Յուրա Մովսիսյանի և Գևորգ Ղազարյանի բացակայությունը զգացնել կտա, բայց կան ֆուտբոլիստներ, ովքեր հավանաբար պատրաստ կլինեն խաղին: Եթե մարզիչը որոշել է, որ նրանց պետք չէ հրավիրել, ուրեմն այդպես է պետք: Չեմ կարող ասել, թե մարզիչն ինչու է այդպես որոշել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել