Hetq.am-ը գրում է.

Ֆրանսիացի Կամիլը (չի ցանկանում նշել ազգանունը) այսօր եղել է Բրյուսելի մետրոյում, երբ հնչել է պայթյունն ու նրանց էվակուացրել են: Առավոտյան նա մտել է մետրո՝ Եվրոպական հանձնաժողովի շենք հասնելու համար: Նա պետք է իջներ «Շուման» կայարանում, սակայն «Արթս-Լոի» և «Մալբիք» կայարանների արանքում գնացքը կանգ է առել, իսկ ուղևորները տեսել են դեղին լույս:

«Սկզբում կարծեցինք, որ էլեկտրականությունն են անջատել, որից հետո լսեցինք տարօրինակ ձայն. այդ պահին էլ բոլորս հասկացանք՝ ինչ է կատարվել: Ձայնային հաղորդագրությամբ հայտնեցին, որ պատահար է տեղի ունեցել գնացքում. նույն տեքստը մոտ 5 անգամ կրկնվեց:

Գնացքի մեջ ծուխ լցվեց, մենք փորձում էինք փակել պատուհանները: Մարդիկ վախեցել էին, գոռում էին, ինքս էլ լաց էի լինում, որովհետև գիտեի, թե սա ինչի հետևանք է. րոպեներ առաջ հեռախոսով կարդացել էի օդանավակայանի պայթյունների մասին: Քիչ անց մի մարդ ներս եկավ, ասաց, որ հարձակում է տեղի ունեցել, բայց մենք անվտանգ ենք և շուտով էվակուացիա կսկսվի»,- պատմում է Կամիլը:

Ուղևորներին տեղեկացրել են, որ նրանք ստիպված են մի քիչ սպասել, քանի որ առաջին հերթին պետք է մյուս վագոնի ուղևորներին օգնություն ցուցաբերել: Մոտ 30 րոպե անց վագոնի դռները բացել են և ուղևորներին ուղղորդել դեպի նախորդ կայարանը՝ «Արթս-Լոի»:

«Թունելում մութ էր ու ծուխ, մենք ոչինչ չէինք տեսնում, բայց կարծես թե պայթյունը տեղի էր ունեցել մեր հարևան վագոնում, այս պահին որևէ տեղեկություն չկա, սա միայն իմ հասկացածն է: Որոշ մարդիկ լուսանկարում էին, երբ թունելով քայլում էինք դեպի կայարան, բայց իմ նպատակն այնտեղից դուրս պրծնելն էր»,- ասում է Կամիլը:

Կամիլն ու նույն գնացքում իր հետ գտնվող ուղևորները վերջինն են դուրս եկել կայարանից, որից հետո մետրոն ու բոլոր կայարանները փակվել են: Դեպքի վայրում գտնված ուղևորներին ծանոթ ու անծանոթ մարդիկ մեքենաներով հասցրել են նրանց ցանկացած վայրը:

Այս պահին ամբողջ հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցված է Բրյուսելում: Կամիլն ասում է, որ այս պահին աշխատանքի վայրում է, բայց գործատուները վճարում են աշխատողներին՝ տաքսիներով տուն հասնելու համար:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել