Սոցիալիզացիայի առաջին հիմնական ուղին հենվում է ազգակցական ու ընտանեկան կապերի վրա, երկրորդը՝ կամավոր միավորման, որը կախված չէ ազգակցությունից և երրորդը Պետության սոցիալիզացիայի ուղին է: Գոյություն ունեն նաև դրանց համապատասխան տնտեսական գործունեության երեք ձևեր՝ ընտանեկան ձեռնարկություններ, կառավարման պրոֆեսիոնալ համակարգով կորպորացիաներ և պետական սեփականություն հանդիսացող ընկերություններ:
Առաջին և երրորդ ուղիները ինչպես պարզվում է սերտորեն կապված են միմյանց հետ: Մշակույթները, որոնցում միավորման գլխավոր ուղին ընտանեկան-ազգակցական կապերն են, շատ մեծ դժվարությամբ են ստեղծում խոշոր ու ամուր տնտեսական/քաղաքական կառույցներ, ուստի և կառավարության նախաձեռնության և աջակցության կարիք ունեն: Մյուս կողմից այն հասարակություններում, որտեղ կան կամավոր միավորումների ստեղծման պայմաններ, կարող են տարերայնորեն ստեղծել տնտեսական/քաղաքական մեծ կազմակերպություններ և այդ ընթացքում չզգալ պետության միջամտության կարիքը:
Անկախ սոցիալիզացիայի ուղիներից հասարակության բազային միավորը ընտանիքն է: Սակայն երբ ընտանեկան հարաբերություններից այն կողմ չի անցնում սոցիալիզացիան, այդ դեպքում լրջագույն խնդիրներ են առաջանում ցանկացած տեսակի և չափերի կազմակերպությունների համար: Վերջիվերջո ընտանեկան մարդկային կապիտալը սպառվում է:
Սոցիալիզացիայի երեք հիմնական փուլերի հիման վրա ձևավորվում են նաև հասարակության տարատեսակները, որոնցով էլ հիմնականում պայմանավորված է տվյալ երկրի իշխանության բնույթը:
Անհատապաշտական հասարակություն. անհատապաշտական հասարակությունը շատ քիչ է հարմարված կոլեկտիվի մեջ հարմարվելուն, կամ առավել մատչելի ասած՝ նմանօրինակ հասարակություններում անձի անհատական շահը երբեք կամ շատ հազվադեպ է ստորադասվում ընդհանրական շահերին: Այդպիսի հասարակություններում թույլ են և՛ ընտանիքը, և՛ կամավոր միավորումները, իսկ առավել ամուր հանրույթներ են հանցագործ հանրույթները: Նմանօրինակ հասարակության օրինակ կարելի է նշել Ռուսաստանը և հետսովատական որոշ երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ի որոշ խոշոր քաղաքներ:
Ընտանեպաշտական հասարակություններ. ի հակադրություն անհատապաշտական հասարակությունների ավելի բարձր միավորվելու ունակություն են դրսևորում ընտանեպաշտական հասարակությունները, որոնցում կազմակերպության հիմքը ընտանիքն է և ազգակցական միությունների ավելի լայն ձևերը: Ասվածի գործնական օրինակներն են չինական հասարակությունները՝ Թայվանը, Հոնկոնգը և բուն ՉԺՀ-ն: Կոնֆուցիականության էությունը ընտանեկան կապերի գերակայությունն է բոլոր սոցիալական հարաբերությունների նկատմամբ: Սակայն ներկայումս նույնպիսի հիմքեր կան նաև ֆրանսիայում և իտալիայի որոշ շրջաններում: Ու թեև Ֆրանսիայում և Իտալիայում ընտանեպաշտությունն այդքան էլ վառ չի արտահայտված, այնուամենայնիվ փոխվստահության պակաս է նկատվում ոչ ազգակցական կապեր ունեցող մարդկանց միջև, հետևաբար և կամավոր միավորումներն այսպիս երկրներում թույլ են:
Եվ երրորդ տեսակի հասարակությունը Լիբերալ դեմոկրատական հասարակությունն է, որտեղ գերիշխում է սոցիալական կամավոր միավորումների ստեղծման բարձր ցուցանիշը: Այսպիս հասարակություններում բավականին բարձր է քաղաքացիական գիտակցությունը և քաղաքական/տնտեսական կամավոր միավորների ստեղծման հաճախակիությունը: Նմանատիպ հասարակության ընդհանրական օրինակ կարելի է համարել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հասարակաությունները: Այս հասարակություններում ընտանեապաշտության և անհատապաշտության ցուցանիշները հավասարակշռում են մեկը մյուսին, ինչի արդյունքում մեծանում է հանրային կապիտալի ծավալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել