Տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 7 տոկոսով ավելացել են։ Նման տվյալներ է հրապարակել Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը:
«Աճ է արձանագրվել ինչպես ատոմակայանում, այնպես էլ ՋԷԿ-երում և ՀԷԿ-երում։ ՀԱԷԿ-ում արտադրության ծավալներն ավելացել են 1,8, ջերմային կայաններում՝ 2, հիդրոկայաններում՝ ավելի քան 27 տոկոսով»,-ասված է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ տվյալների, հունվար-փետրվարին ընդհանուր առմամբ Հայաստանում արտադրվել է 1,3 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Էներգաարտադրության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է ատոմակայանին։ Տարեսկզբի երկու ամիսներին ՀԱԷԿ-ում արտադրվել է 541 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։
Ջերմային կայաններում արտադրության ծավալները կազմել են 459 մլն կՎտ ժամ։ Նախորդ տարվա 246 մլն կՎտ ժամի դիմաց՝ ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը գերազանցել է 313 մլն կՎտ ժամը։



