Tert.am-ը գրում է.

Ջուրն ունի սակագին, բայց նրա արժեքը մարդու կյանքի համար անգնահատելի է: Մարտի 22-ը Ջրի միջազգային օրն է: Այս օրվա կապակցությամբ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, թե Հայաստանը հարևան երկրների համեմատ առավելություն ունի, քանի որ Սևանա լիճն ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է տարածաշրջանում:


«Սևանը ոչ թե պետք է դիտարկել որպես հանգստյան գոտի, այլ՝ կենսառեսուրսների աղբյուր»,- ասաց Բարդուղ Գաբրիելյանն՝ ավելացնելով. «Պետք է հատկապես նշել սիգ ձկնատեսակը: Մենք պետք է այս պաշարները ոչ թե իսպառ վերացնենք կամ հասնենք մինիմումի, այլ միշտ ռազմավարական պաշարներ ունենանք: Պետք է հիշել 90-ական թվականները, երբ սիգը կերակրեց մի ողջ ազգի»:


Բանախոսի գնահատմամբ, ի տարբերություն ջրի որակի, որը վերջին տարիներին միտում ունի լավանալու, խոսել ձկնային պաշարների վերականգնման վերաբերյալ, դեռ շատ վաղ է:


«Այսօրվա դրությամբ իշխանի վերարտադրություն չի կատարվում, և ասել, թե իշխանի պաշարները վերականգնվել են, դեռ վաղ է: Պետք է մեծ ուշադրություն դարձնել նաև գետերին, որոնք լցվում են Սևանա լիճը: Ցավոք, կան շատ խոչընդոտներ՝ ի դեմս փոքր ՀԷԿ-երի, գետերի հուների փոխման, աղտոտման, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի գետերի վիճակը լինի բավարար»,- նկատեց Բարդուղ Գաբրիելյանը:


Ինչ վերաբերում է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացմանը, «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» տնօրենն ասաց, թե 2004 թվականից ջրի մակարդակը բարձրացման միտում ունի, և այսօրվա դրությամբ հասել է 1900 մետրից մի քիչ ավելիի:


Սա, ըստ նրա, իհարկե, ողջունելի է, բայց դեռ չի նշանակում, որ չի նվազելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել